ԵԱՀԿ-ն դրական ազդակ է համարում ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանձնառությունը

Armenpress 18:31, 21 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ-ն հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում իր միջնորդական դերակատարությանը և ակնկալում է առաջընթաց տեսնել Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով տարվող բանակցություններում: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը կառույցի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի ընթացքում իր ելույթում: «Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների` իրենց ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հանձնառությունը կարող է դրական ազդակ հաղորդել գործընթացին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ`հայտարարել է Գրեմինգերը:

Նա ընդգծել է տարբեր հակամարտությունների կարգավորման հարցում բոլոր միջնորդական առաքելություններում ԵԱՀԿ դերի ուժեղացման անհրաժեշտությունը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջնորդական միակ ձևաչափն է: Համանախագահներն են Ռուսաստանը ներկայացնող Իգոր Պոպովը, Ֆրանսիան ներկայացնող Ստեֆան Վիսկոնտին և ԱՄՆ-ը ներկայացնող Էնդրյու Շոֆերը:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am