ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 31 մլն եվրոյի դրամաշնորհ


ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Եվրոպական միության հետ «ԵՄ-ն Հայաստանի համար. տարածքային զարգացում» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությունը: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ համաձայնագրի շրջանակում ԵՄ-ն մեր երկրին կհատկացնի 31 մլն 250 հազար եվրոյի դրամաշնորհ:

«Համաձայնագրի հիմնական նպատակն է Հայաստանի հյուսիսային շրջաններում՝ ՀՀ կառավարության կողմից որպես փորձնական շրջաններ ընտրված Շիրակ, Լոռի և Տավուշ մարզերում, ընդհանուր և բալանսավորված ներառական աճի իրականացումը` խելացի և կայուն գյուղատնտեսության, նորարարական տուրիզմի և ստեղծագործական արդյունաբերության ճյուղերի խթանման միջոցով: Ծրագրի նպատակներն են՝ աջակցել և նախնական թափ հաղորդել շուկայահեն վենչուրային ընկերություններին, որոնք տարածքային բնորոշ մարտահրավերների լուծումներ են առաջարկում, թափ հաղորդել արագ աճի հնարավորություն ունեցող փոքր և միջին ձեռնարկություններին՝ ՀԸԳՀ գործիք ստեղծելու միջոցով դրանց սոցիալ-տնտեսական ազդեցության մակարդակը բարձրացնելու համար, խթանել բարենպաստ միջավայր՝ տարածքային վենչուրային ընկերությունների և փոփոխություններ իրականացնողների ազդեցությունն ընդլայնելու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Խաչատրյանը:

Ակնկալվում է, որ ծրագիրը կնպաստի ներդրումային և բարձր հավելյալ արժեքով գյուղատնտեսական և նորարարական զբոսաշրջության ոլորտի վենչուրային ընկերությունների հաջորդական շղթայի ստեղծմանը, Ստեղծարար կենտրոնի միջոցով ստեղծարար ոլորտներում (դիզայն, աուդիոտեսողական ոլորտ և նորարարություն) ձեռնարկատիրական տաղանդ ունեցող նոր սերունդ դաստիարակելուն, միջազգային շուկա միտված ներդրումային և նորարարական տեխնոլոգիական վենչուրային ընկերությունների հաջորդական շղթայի ստեղծմանը, Շիրակի մարզում ձմեռային մարզական հաստատությունների հիմնմանը և այլն: Նախատեսված աջակցության որոշ բաղադրիչների իրականացումը կապահովվի Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ), Ավստրիական զարգացման գործակալության (ADA), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) հետ՝ Հարևանության ներդրումային հարթակի միջոցով: Համաձայնագիրը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից` Եվրոպական հարևանության գործիքի շրջանակում: Համաձայնագրի իրականացման ժամանակահատվածը կազմում է 72 ամիս:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am