Արամ Հարությունյանը Հայաստանի պետական սահմանն օրինական ճանապարհով չի հատել. Վանեցյան

Armenpress 15:32, 21 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բնապահպանության նախկին նախարար, նախկին պատգամավոր Արամ Հարությունյանն, ով կոռուպցիոն հանցագործություն կատարելու գործով հետախուզման մեջ է, Հայաստանի պետական սահմանն օրինական ճանապարհով չի հատել: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:

Արամ Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար։ Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Անդրադառնալով Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Լևոն Ազատի Սարգսյանին, ԱԱԾ տնօրենն ասաց, որ նա օրինական ճանապարհով հատել է ՀՀ պետական սահմանը: «Այդ ժամանակ նրա նկատմամբ որևէ խափանման միջոց կիրառված չի եղել, այդ իսկ պատճառով ես՝ որպես ԱԱԾ տնօրեն, որևէ լիազորություն չունեի նրա ազատ տեղաշարժի իրավունքը սահմանափակելու»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց ԱԱԾ տնօրենը:

Արթուր Վանեցյանն ասաց, որ իրենք գիտեն, թե որտեղ է Լևոն Սարգսյանը, պարզապես  պետք է մեխանիզմներ ունենան՝ նրան հետ բերելու համար: Հարցին կոնկրետ որտեղ է Սարգսյանը՝ Վանեցյանն ասաց, որ արաբական երկրներից մեկում է:

Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում հարուցվել, ապա Հատուկ քննչական ծառայության վարույթ էր փոխանցվել հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը, որով անցնում են Լևոն Սարգսյանը, վերջինիս դուստրը՝ Անի Սարգսյանը և որդին՝ Նարեկ Սարգսյանը: Առկա է Լևոն Սարգսյանին կալանավորելու ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am