Վանեցյանը վստահեցնում է, որ ԱԱԾ կողմից հարուցված բոլոր քրեական գործերը ստանում են 100-տոկոսանոց ապացույցներ  

Armenpress 15:21, 21 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցված բոլոր քրեական գործերը մինչ օրս որևէ թույլ կողմ չեն ունեցել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Եթե մի գործ հարուցում ենք՝ քննության ավարտից հետո երբեք չի եղել, որ մեր սկզբնական տվյալները չհաստատվեն: Ինչի մասին հայտարարում ենք՝  ստանում ենք 100- տոկոսանոց ապացույցներ: Կարող է թվալ, որ մի քիչ դանդաղ ենք գործում, տպավորություն ստեղծվի, որ հասարակությունն ավելի շատ գիտի կոռուպցիոն հանցագործությունների մասին, սակայն վստահեցնում եմ, որ մենք ամեն ինչ տեսնում ենք: Կա կարևոր հանգամանք՝ պետք է ունենանք 100-տոկոսանոց ապացույցներ և առաջնորդվենք միայն օրենքներով»,- նշեց ԱԱԾ տնօրենը:

Նրա խոսքով՝ «օդում կախված լուրերն» իրենց  չեն վերաբերում: «Այն բոլոր հրապարակումները, մտահոգությունները, թե սա թալանեց, նա գողացավ, նրան չբռնեցին, տարբերություն են դնում մարդկանց մեջ՝ իրականությանը չեն համապատասխանում: Մենք անում ենք այն, ինչ հաստատ ունենք»,- ասաց Արթուր Վանեցյանը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am