Առողջապահության նախարարությունը հրապարակել է չարորակ հիվանդությունների վիրահատական բուժումն անվճար իրականացնող բուժհաստատությունների ցանկը

Armenpress 12:33, 21 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարարությունը բժշկական կազմակերպությունների հետ կնքել է պայմանագրեր չարորակ հիվանդությունների վիրահատական բուժումն անվճար կազմակերպելու համար: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից: 

Ավելի վաղ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ  չարորակ հիվանդությունների վիրահատական բոժումն ամբողջ բնակչության համար կլինի անվճար, քանի որ հանվել է համավճարային եղանակով փոխհատուցվող ծառայությունների ցանկից:

Գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ էր որոշակի փաստաթղթային ձևակերպումներ, ինչն արդեն իրականություն է:

Այսուհետև չարորակ հիվանդությունների պետական պատվերի շրջանակներում անվճար վիրահատությունների համար քաղաքացիները` ըստ բժշկական ցուցումների, կարող են դիմել հետևյալ բժշկական  կազմակերպություններ` Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոն, «Նաիրի» ԲԿ, «Արթմեդ» ԲՎԿ ՓԲԸ, Նատալի-Ֆարմ ՍՊԸ Աստղիկ ԲԿ, «Շենգավիթ» բժշկական կենտրոն, Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն ՓԲԸ, Գյումրու ուռուցքաբանական դիսպանսեր, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ՓԲԸ, Վանաձորի ԲԿ:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am