Տպավորություն է, որ հանքերի մեծ մասը կառավարվում է մի կետից. վարչապետը հանձնարարեց ՏՄՊՊՀ-ի գրությունը հասցեագրել դատախազությանը

Armenpress 12:12, 21 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի քանի ամիս առաջ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուսումնասիրություն է ուղարկել, որտեղ ասվել է՝ Հայաստանի հանքերի  մեծամասնությունում որպես սեփականատեր գրանցված են օֆշորային ընկերություններ։ Կառավարության նիստում այս մասին նշեց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ այդ գրությունը հասցեագրել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը։

«Այդ գրությունն ինչո՞ւ չենք տալիս իրավապահ մարմիններին, որ ուսումնասիրեն», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հանձնարարելով գրությունը վերահասցեագրել ՀՀ գլխավոր դատախազությանը։

«Որովհետև տպավորություն է, որ Հայաստանի հանքերի մեծ մասը կառավարվում է մի կետից ու դա ինքնին տարօրինակ փաստ է։ Կարծում եմ՝ արժե, որ իրավապահ մարմինները զբաղվեն դրանով», - ասաց Նիկոլ Փաշինյանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am