1000х90.jpg (78 KB)

ԵԽ-ում բարձր են գնահատել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ աշխատանքը

Armenpress 10:45, 21 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ստրասբուրգում հանդիպումներ է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի, Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Քրիստոս Ջիակումոպոլոսի, ինչպես նաև Ժողովրդավարության հարցերով գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Սնեժանա Սամարջիչ-Մարկովիչի հետ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, տեղի են ունեցել նաև քննարկումներ Եվրոպայի խորհրդի այլ կառույցների հետ՝ Խոշտանումների կանխարգելման կոմիտե, ՄԻԵԴ վճիռների կատարման բաժին և այլն:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանում խոշտանգումների և վատ վերաբերմունքի մյուս ձևերի կանխարգելման, հոգեկան առողջության խնդիրներ և հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց ու երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր: Արման Թաթոյանը ներկայացրել է այս ոլորտներում իր արձանագրած խնդիրները և դրանց լուծման ուղղությունները: Մասնավորապես, նշվել է, որ պետք է արմատավորվի ազատությունից զրկված անձանց աստիճանական ազատ արձակման մեխանիզմ, ինչպես նաև պետք է զարգացվի պատժից պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համակարգը: Քննարկվել են հոգեբուժական կազմակերպություններում առկա վիճակը, համայնքահեն ծառայությունների, բուժման այլընտրանքային մեթոդների զարգացման ուղղությունները: Քննարկվել են նաև այն խնդիրները, որոնց բախվում են կանայք կարծրատիպերի, հասարակությունում և պետությունում նրանց դերի վերաբերյալ սխալ պատկերացումների պատճառով:

Հանդիպումների ընթացքում կարևորվել է նաև Պաշտպանի կողմից վերջին ժամանակներս ձևավորված նոր պրակտիկան՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում երրորդ կողմ հանդես գալը, ԵԽ Նախարարների կոմիտե ՄԻԵԴ վճիռների կատարման հարցերով հատուկ դիրքորոշումների ներկայացնելը և այլն

Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան ներկայացուցիչները հատուկ ընդգծել են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ համագործակցության բարձր որակը, բարձրացվող հարցերի բարձ պրոֆեսիոնալիզմը: Բարձր է գնահատվել համատեղ աշխատանքը Պաշտպանի հետ՝ ուղղված Հայաստանում մարդու իրավունքների համակարգի շարունակական բարելավմանը:

Հանդիպումների ավարտին կողմերը ձեռք են բերել հետագա աշխատանքի նոր պայմանավորվածություններ, ինչպես նաև արձանագրել համատեղ աշխատանքի լրացուցիչ հանձնառություններ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am