Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Լուիզ Մանուկյան Սիմոնի մահվան կապակցությամբ

Armenpress 20:14, 20 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Լուիզ Սիմոն Մանուկյանի ընտանիքին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հեռագրում, մասնավորապես, նշված է. «Խոր վշտով տեղեկացա հայազգի մեծ բարերար, ականավոր ազգային գործիչ Լուիզ Մանուկյան Սիմոնի մահվան մասին: Հիրավի, նրա կյանքից հեռանալը մեծ կորուստ է մեր ողջ ժողովրդի համար, ում նա ծառայել է անմնացորդ նվիրվածությամբ և մեծագույն պատասխանատվությամբ: 

Անգնահատելի է Լուիզ Սիմոնի ավանդը հայապահպանության, անկախ Հայաստանի զարգացման և Հայ Առաքելական Եկեղեցու զորացման գործում։ Ապրելով հայրենիքից հեռու՝ նա սերտորեն կապված էր Հայաստանին՝ սրտացավ և հոգատար վերաբերմունք ցուցաբերելով իր հայրենակիցների նկատմամբ և օրինակ ու խթան հանդիսանալով բազմաթիվ բարերարների համար։ 

Ստանձնելով Հայ Բարեգործական Միության նախագահի բարձր պաշտոնը Հայաստանի համար բախտորոշ մի ժամանակաշրջանում՝ նա ջանք ու եռանդ չի խնայել Սպիտակի երկրաշարժի ու Արցախյան պատերազմի հետևանքների հաղթա­հարման գործում: Նրա շնորհիվ իրականություն են դարձել բազմաթիվ կրթական, մշակութային, ազգա­պահպան և բարեգործական ծրագրեր Հայաստանում և Սփյուռքի հայաշատ գաղթօջախներում: 

Լուիզ Մանուկյան Սիմոնն իր ազգանվեր և բեղուն գործունեությամբ մնայուն հետք է թողել հայ ժողովրդի և Հայաստանի արդի պատմության մեջ: 

Իմ խորին ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Լուիզ Սիմոնի բոլոր հարազատներին, մտերիմներին ու մեր ողջ ժողովրդին այս ծանր կորստի կապակցությամբ»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am