Նիդերլանդական կապիտալը Հայաստանում ճիշտ բիզնես մշակույթ է ներդնում. փոխվարչապետ Գրիգորյանն ընդունել է Նիդերլանդների դեսպանին

Armenpress 19:34, 20 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպան Յոհաննես Դաումային (նստավայրը՝ Թբիլիսի): Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, հանդիպման սկզբում զրուցակիցները երկուստեք կարևորել են Հայաստանի զարգացմանն աջակցող գործընկերների հետ համագործակցության համակարգման վերաբերյալ փետրվարի 20-ին կայացած քննարկումը, որին մասնակցել է նաև Նիդերլանդների դեսպանը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու դեսպան Յոհաննես Դաուման քննարկել են նիդերլանդական կազմակերպությունների կողմից Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալելու համար ստեղծված պայմաններն ու Հայաստանի կողմից առաջարկվող հնարավորությունները: Փոխվարչապետը կարևորել է նիդերլանդական կապիտալի առկայությունը Հայաստանում, որպես ճիշտ բիզնես մշակույթի ներդրող: Մհեր Գրիգորյանը առանձնակի շեշտել է Հոլանդական զարգացման բանկի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի կարևորությունը և հույս հայտնել, որ բանկը կընդլայնի իր ծրագրերը մասնավոր հատվածում՝ դրանով իսկ նպաստելով Հայաստանի տնտեսության զարգացմանն ու տնտեսական գործունեության թափանցիկության բարձրացմանը մեր երկրում: Զրուցակիցները մտքեր են փոխանակել պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման, Հայաստանում կապիտալի շուկայի և արժեթղթերի շուկայի զարգացման վերաբերյալ:   

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am