«Իմ քայլը» խմբակցությունն աշխատանքային հանդիպում է նախատեսում ոստիկանապետի հետ

Armenpress 16:44, 20 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ աշխատանքային քննարկում է նախատեսում մյուս շաբաթվա ընթացքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այս մասին հայտնեց փետրվարի 20-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Մյուս շաբաթ նախատեսում ենք հրավիրել ոստիկանապետին: Դա կա մեր օրակարգում, պարզապես մեր խմբակցությունից գործուղումներ ունենք և ուզում ենք, որ հնարավորինս շատ պատգամավորներ ներկա լինեն»,-ասաց Մակունցը:

Խմբակցությունը հանդիպումներ է նախատեսում նաև մյուս գերատեսչությունների ղեկավարների հետ: Փետրվարի 21-ին նախատեսել են հանդիպում ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Սակայն, ինչպես հայտնեց Մակունցը, դահլիճի զբաղված լինելու պատճառով հնարավոր է՝ հետաձգեն: Փետրվարի 22-ին նախատեսված է հանդիպում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի հետ: Մակունցի խոսքով՝ Արշակյանն ինքն է խմբակցության հետ հանդիպման առաջարկն արել:

Խմբակցության ղեկավարի խոսքով՝ գերատեսչությունների ղեկավարների հետ քննարկում են ոլորտների խնդիրները, օրենսդրական նախաձեռնություններն ու խնդիրների լուծման համար օրենսդիրի անելիքները:

Ավելի վաղ «Իմ քայլը» խմբակցությունն ԱԺ-ում աշխատանքային հանդիպում էր ունեցել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի և Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի հետ: Փետրվարի 20-ին խմբակցությունը քննարկում անցկացրեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am