Դեսպան Այվազյանն աշխատանքային այցով եղել է Կոստա Ռիկայում

Armenpress 14:59, 20 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկայում ՀՀ դեսպան Արա Այվազյանն աշխատանքային այցով եղել է Կոստա Ռիկայում։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, փետրվարի 13-ին կայացավ երկրի նախագահ Կառլոս Ալվարադո Կեսադայի (Carlos Alvarado Quesada) կողմից ռեզիդենտ և համատեղության կարգով հավատարմագրված դիվանագիտական կորպուսին Նոր տարվա ողջույնի պաշտոնական արարողությունը, որին մասնակցել է նաև Հայաստանի դեսպանը։ Այցի ընթացքում հանդիպումներ են տեղի ունեցել երկրի օրենսդիր, գործադիր և գործարար շրջանակների հետ։

Փետրվարի 14-ին Արա Այվազյանը հանդիպումներ է ունեցել Կոստա Ռիկայի Օրենսդիր ժողովի փոխխոսնակ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քարտուղար Մարիա Ինես Սոլիս Կիրոսի (María Inés Solís Quirós), արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կարինե Նինյոս Գուտյերեսի (Karine Nino Gutierrez), Հայաստանի հետ պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Սիոմարա Ռոդրիգես Էրնանդեսի(Xiomara Rodriguez Hernandez) հետ։ Քննարկվել են երկու երկրների միջև միջխորհրդարանական կապերի զարգացման, այդ ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկման, մասնավորապես՝ փոխայցերի կազմակերպմանն առնչվող հարցեր։

Փետրվարի 15-ին դեսպան Այվազյանին ընդունել է Կոստա Ռիկայի արտաքին հարաբերությունների և պաշտամունքի նախարար Մանուել Վենտուրա Ռոբլեսը (Manuel Ventura Robles)։ Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Կոստա Ռիկայի երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգին առնչվող հարցեր, մասնավորապես՝ իրավական դաշտի ընդլայնումը, փոխայցելությունների կազմակերպումը, տնտեսական համագործակցության զարգացումը։ Անդրադարձ է եղել միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակին:

Կոստա Ռիկա այցի ընթացքում ՀՀ դեսպանը հանդիպումներ է ունեցել նաև գործարար շրջանակների հետ, որոնց ընթացքում քննարկվել են  Հայաստանի և Կոստա Ռիկայի միջև տնտեսական համագործակցության հեռանկարները։ Առանձին հանդիպում է կայացել Կոստա Ռիկայի փոքրաթիվ հայ համայնքի ներկայացուցիչների հետ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am