1000х90.jpg (78 KB)

Վարդաձորում տեղի ունեցավ նորակառույց մանկապարտեզի բացման արարողություն

Armenpress 19:34, 19 Փետրվար, 2019

ԳԱՎԱՌ 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Վարդաձոր համայնքում շահագործման հանձնվեց նորակառույց մանկապարտեզի շենքը:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդաձորի համայնքապետարանից, 75 սանի համար նախատեսված կառույցը գործելու է երկու խմբով, որոնցից յուրաքանչյուրն ունի առանձին խաղասենյակ, ննջարան, խոհանոց եւ սանհանգույց:

Նորակառույց մանկապարտեզն ապահովված է կոմունալ բոլոր հարմարություններով, կահավորված եվրոպական չափանիշներին համապատասխան: Մանկապարտեզի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2017 թվականին՝ Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամի ֆինանսավորմամբ եւ Վարդաձոր համայնքի համաֆինանսավորմամբ: Մի շարք աշխատանքներում իրենց աջակցությունն են ցուցաբերել նաեւ վարդաձորցի գործարարները:

Մանկապարտեզի ամբողջ շինմոնտաժային աշխատանքների համար ծախսվել է մոտ 169 միլիոն դրամ: Մանկապարտեզի բացման արարողությանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, համայնքի բնակիչներ, ծնողներ, հյուրեր: Հանդիսությունը մեկնարկեց մանկապարտեզի սաների եւ համայնքի դպրոցականների գրական-երաժշտական կատարումներով: Մանկապարտեզի բացման առթիվ վարդաձորցիներին շնորհավորեց եւ իր ողջույնի խոսքը հղեց մարզպետ Գնել Սանոսյանը:

«Մանկապարտեզի կառուցումը Վարդաձոր համայնքի կյանքում շատ կարեւոր խնդիր լուծեց, որի համար բոլորս ենք ուրախ: Վերջապես այս համայնքի փոքրիկները մինչեւ նախակրթարան գնալը կհաճախեն մանկապարտեզ, կստանան այն դաստիարակությունը, որը կարեւոր եւ պարտադիր պահանջ է յուրաքանչյուր երեխայի համար: Այսօր մեկ անգամ եւս համոզվեցինք, որ մենք փայլուն սերունդ ունենք, եւ շատ կարեւոր է, որպեսզի նրանք կրթվեն ու դաստիարակվեն ժամանակակից պահանջներին համահունչ: Ես ուրախ եմ , որ այստեղ իրենց նախադպրոցական կրթությունը կստանան համայնքի 3-4 տարեկան 80 երեխաներ, բացի դա, մանկապարտեզը լուծում է նաեւ 15 աշխատատեղի խնդիր համայնքում: Ես իմ շնորհակալությունն եմ հայտնում նրանց, ում աջակցությամբ այս շենքը կառուցվել է: Աչքի է զարնում նաեւ շինարարական աշխատանքների որակը»,- նշեց մարզպետը:

Վարդաձորի նորակառույց մանկապարտեզի բացման առթիվ համայնքի բնակիչներին շնորհավորեցին եւ ներդրողների հասցեին շնորհակալական խոսքեր հնչեցրին Վարդաձոր համայնքի ղեկավար Ռոբերտ Սիրականյանը, միջնակարգ դպրոցի տնօրեն Մայիս Հակոբյանը եւ մանկապարտեզի տնօրեն Ռուզաննա Կարինյանը: Իրենց երախտագիտությունն ու ոգեւորությունն արտահայտեցին նաեւ մանկապարտեզ հաճախող փոքրիկների ծնողները:

«Մենք շատ երկար ենք սպասել այս օրվան եւ մեր շնորհակալությունն ենք հայտնում բոլոր նրանց, ում ջանքերով եւ աջակցությամբ մեր համայնքը վերջապես ունեցավ մանկապարտեզ:Այն իր դռները երեխաների առաջ բացելու է հենց վաղվանից ու գործելու է շուրջտարյա»,- հավաստեց համայնքի ղեկավար Ռոբերտ Սիրականյանը:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am