1000х90.jpg (78 KB)

Փաշինյանը հիշեցրեց Թումանյանի ամենակարևոր ուղերձը. Դսեղում տրվեց բանաստեղծի հոբելյանին նվիրված միջոցառումների մեկնարկը

Armenpress 14:18, 19 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդավայր Դսեղ գյուղում տրվեց բանաստեղծի 150-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը։

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փետրվարի 19-ին միջոցառումների պաշտոնական մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց բանաստեղծի կարևորագույն ուղերձներից մեկը։

«Շատերը մտածում են, որ Արարատն Արաքսի այն կողմում է, բայց ինչպես Չարենցն է վկայում, մենք այս կողմում էլ ունենք Արարատ։ Այդ Արարատը Հովհաննես Թումանյանն է, այդ Արարատը Դսեղում ու Լոռվա մարզում է։ Թումանյանի կերպարն այսօրվա Հայաստանում պետք է առաջնորդի բոլորին։ Թումանյանին մենք այսօր պատկերացնում ենք որպես անհաս մի բարձունք, բայց նա մի մարդ էր, ով իր ծնված առաջին օրից կրել է մարդկային բոլոր տառապանքները։ Կյանքն ամեն վայրկյան փորձել է սպանել, կոտրել ու ցածրացնել նրան։ Այս ամենը ծանրացել է այդ մարդու ուսերին, բայց նա չի կոտրվել, որովհետև հավատացել է իր ուժին։ Նա քայլել է այնտեղ, որտեղ չկար ճանապարհ, ապրել է այնտեղ, որտեղ չկար հաց։ Ժողովրդին իր ասելիքը եղել է մեկը՝ վեր կաց և քայլիր։ Սա է Թումանյանի ուղերձը ժողովրդին, պետությանը։ Եվ ես այսօր ինձ իրավունք եմ վերապահում, որպես ժողովրդի կողմից ընտրված վարչապետ, հայ ժողովրդին ասել՝ վեր կաց և քայլիր։ Թումանյանն ասում էր. «Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած»։ Դուք եք բերել այդ արշալույսը, երբեք չխեղճանաք, որովհետև դուք Թումանյանի սերունդն եք, դուք Թումանյանի հայրենիքն եք», -ասաց վարչապետը։

Ելույթի վերջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասմունքեց Հովհաննես Թումանյանի քառյակներից մեկը։

Փետրվարի 19-ին՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը տոնական միջոցառումներ են մեկնարկել Երևանում, Դսեղում և Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am