Պակիստանը ՄԱԿ-ից օգնություն Է խնդրել Հնդկաստանի հետ կոնֆլիկտի բորոբոքում թույլ չտալու համար. The Economic Times

Armenpress 14:14, 19 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պակիստանի արտաքին գործերի նախարար Շահ Մեհմուդ Քուրեշին փետրվարի 19-ին նամակ Է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշին՝ խնդրելով օգնել՝ նվազեցնելու լարվածությունը Իսլամաբադի եւ Նյու Դելիի հարաբերություններում, որն սկսվել Է Ջամուի եւ Քաշմիրի նահանգում (Հնդկաստան) փետրվարի 14-ին իրականացված ահաբեկչական գործողությունից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 19-ին հայտնել Է The Economic Times թերթը:

Ահաբեկչությունից հետո, որի հետեւանքով զոհվել Է 45 մարդ, Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ դիվանագիտական ճգնաժամ Է սկսվել: ՆյուԴելին եւ Իսլամաբադն իրենց դեսպաններին հետ են կանչել կոնսուլտացիաների համար: Հնդկաստանի իշխանությունները Պակիստանին մեղադրել են հարձակման համար պատասխանատու խմբավորմանն աջակցելու մեջ եւ խոստացել են «հնարավոր բոլոր դիվանագիտական միջոցներով ապահովել Իսլամաբադի լիակատար միջազգային մեկուսացումը»:

Հնդկական կողմը հայտարարել Է, որ ինքը գրոհին Պակիստանի մասնակցության ապացույցներ ունի, որը, իր հերթին, չի ընդունում այդ մեղադրանքները: «Ես կցանկանայի շտապ կարգով ձեր ուշադրությունը դարձնել մեր տարածաշրջանում անվտանգության հետ կապված իրադրության վատթարացման վրա, որը հրահրվել Է Հնդկաստանի կողմից Պակիստանի նկատմամբ ուժի կիրառման սպառնալիքով,-թերթը քաղվածքներ Է մեջբերում նամակից:-Չափազանց կարեւոր Է՝ քայլեր ձեռնարկել հակամարտության ապաԷսկալացման համար: ՄԱԿ-ը պետք Է միջամտի, որպեսզի թուլացնի լարվածությունը»: Պակիստանի ԱԳ նախարարության ղեկավարը նշել Է, որ «անհեթեթություն Է նախքան հետաքննությունն սկսելն Իսլամաբադի վրա բարդել (զինվորական ավտոշարասյան վրա) հարձակման պատասխանատվությունը»: Նա նաեւ կոչ Է արել Հնդկաստանին՝ «բաց եւ վստահություն ներշնչող հետաքննություն անցկացնել»: Փետրվարի 14-ին Ջամուի եւ Քաշմիրի նահանգում մահապարտ ահաբեկիչը պայթանյութով լի ավտոմոբիլ Է պայթեցրել զինվորական շարասյան մոտ, ինչի հետեւանքով, ըստ վերջին տվյալների՝ զոհվել Է 45 մարդ՝ Կենտրոնական ռեզերվի ոստիկանության ուժերի (ռազմականացված ոստիկանական կառույց) զինծառայողներ: Հարձակման համար պատասխանատվությունն ստանձնել Է «Ջաիշ ե Մուհամադ»-ը («Մուհամեդի բանակ»)՝ նահանգում գործող արմատական անջատողական խմբավորումներից մեկը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am