Պատգամավորը ռուսական կողմում հայկական վարորդական իրավունքի կիրառման սահմանափակումը չեղյալ համարելու պատրաստակամություն է նկատել

Armenpress 13:55, 19 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում ռուսական կողմից նկատել է հայկական վարորդական իրավունքը ՌԴ-ում ճանաչելու համար պատրաստակամություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մելքումյանն այս մասին ասաց ԱԺ-ում հրավիրված ասուլիսում:

«Կալաշնիկովը հնչեցրեց այդ հարցը: Նախնական պայմանավորվածություն կա, որ չեղյալ համարեն այս սահմանափակումը ԵԱՏՄ երկրների շրջանակում: Պետք է պարզ քայլելով հասնենք վարորդական իրավունքի սահմանափակման վերացմանը»,- ասաց Մելքումյանը:

Պատգամավորը հիշեցրեց, որ պայմանագրով աշխատող ՀՀ քաղաքացիների վարորդական իրավունքը Ռուսաստանում չի ճանաչվում, իսկ հայ զբոսաշրջիկներինը ճանաչվում է:  «Ուզում ենք հասնել նրան, որ չեղյալ համարեն այդ սահմանափակումը, հայկական վարորդական իրավունքը նորից ուժի մեջ լինի Ռուսաստանում: Օրենսդրական փոփոխությունը պետք է կատարվի ՌԴ-ում: Ռուսաստանում քաղաքական մակարդակով որոշում կա այս սահմանափակումը չեղյալ համարելու»,-նշեց պատգամավորը:

Նախորդ տարի ՌԴ-ում հունիսի 1-ից ուժի մեջ է մտել օրենքը, որի համաձայն Ռուսաստանում հայկական վարորդական իրավունքով աշխատող ՀՀ քաղաքացիներն այլևս չեն կարողանալու պայմանագրային հիմունքներով աշխատանք իրականացնել: Օրենքը պետք է ուժի մեջ մտներ դեռևս 2017 թ. հունիսի 1-ից, սակայն ՀՀ ԱԺ պատգամավորների ակտիվ աշխատանքի շնորհիվ հնարավոր էր եղել այն մեկ տարով հետաձգել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am