2016 թ. ապրիլի ռազմական հանցագործությունները. Ադրբեջան՝ պետություն, որտեղ հայ սպանելը հերոսություն է

Armenpress 12:48, 19 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռամիլ Սաֆարովին համաներում շնորհելուց և հերոսացնելուց հետո Ադրբեջանում նոր թափով շարունակում են հերոսացնել ոչ թե պարզապես հայ սպանողներին, այլ՝ դաժանաբար սպանողներին, սպանվածների մարմինները խեղող հանցագործներին: Ադրբեջանում պետական մակարդակով նման հանցագործների հերոսացման օրինակներ են նաև 2016 թ. ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում Արցախում ռազմական հանցագործություններ գործած անձինք [1,2,3 Ռ. Սաֆարովի վերաբերյալ]:

Նշված ռազմական հանցագործներին անձամբ պարգևատրել է Ադրբեջանի նախագահը: Ըստ որում, հանցագործությունները ուղղված են եղել ոչ միայն Արցախի պաշտպանության բանակի զինծառայողների, այլև՝ քաղաքացիական տարեց անձանց դեմ:

2016 թ. ԼՂՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ 2016 թ. ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի Հանրապետության զինծառայողները մի շարք դեպքերում միջազգային մարդասիրական սովորութային իրավունքի 35-րդ գլխի 113-րդ կանոնի կոպտագույն խախտմամբ [4] խեղել են Պաշտպանության բանակի զինծառայողների դիակները: Մասնավորապես շարքային զինծառայող Քյարամ Սլոյանին գլխատել են վերջինիս մահանալուց հետո, իսկ մայոր Հայկ Թորոյանին՝ նրա կենդանության օրոք: Այլ զինծառայողների դեպքում մահանալուց հետո խեղել են նրանց մարմինները: Ադրբեջանի զինուժի զինծառայողները մայոր Հայկ Թորոյանի հետ գլխատել էին նաև 68-ամյա պայմանագրային զինծառայող, վարորդ Հրանտ Ղարիբյանին: Թալիշ գյուղում ադրբեջանական բանակի զինծառայողները սպանել են տարեց ամուսինների և 92-ամյա ծեր կնոջ:

Հերոսացված մարդասպանները, «ավանդույթը» շարունակվում է

2016 թ. մայիսի 1-ին Ադրբեջանի նախագահի կայքը հրապարակել էր այդ երկրի նախագահ Ի. Ալիևի՝ ԱՀ ԶՈւ զորամասերից մեկն այցելելու լուսանկար: Նշված լուսանկարներից պարզ էր դառնում, որ Ի. Ալիևը հանդիպել և պարգևատրել է զինծառայողների [3, Facebook], որոնց շարքում էր Ք. Սլոյանի կտրված գլուխը ադրբեջանական գյուղում որպես «ռազմավար» ցուցադրող ԱՀ ԶՈւ զինծառայող Էլնուր Ֆարզալիևը [4, Twitter]: Մայիսի 3-ին Ադրբեջանի ՊՆ-ն հաստատեց, որ լուսանկարում պատկերվածը ԱՀ ԶՈւ զինծառայող է, որը մասնակցել է մարտական գործողություններին՝ նշելով, թե նա հրետանային դասակի հրամանատար է և առաջնագծում չի եղել [5, Gapp.az]: Սակայն համացանցում տարածված տեսանյութերը և լուսանկարները այլ պատկեր են ցույց տալիս:

2018թ. ապրիլի 16-ին ադրբեջանական «Ենի Չաղ» (Yeni Çağ) կայքը հրապարակել էր Ապրիլյան պատերազմի մասնակից Սարխան Մամեդովի (Məmmədov Sərxan Sənani oğlu) հետ հարցազրույցի տեքստը, որը սկզբնական շրջանում վերնագրված էր «Հայ սպայի գլուխը կտրած մարտիկ. «ամեն բան մի ակնթարթում տեղի ունեցավ»»: Ավելի ուշ կայքում Մամեդովի հարցազրույցի վերնագիրը և տեքստի համապատասխան հատվածը խմբագրվել են, սակայն նյութի վերնագիրը պահպանվել է Մամեդովին նվիրված Վիքիպեդիայի էջում: Բացի այդ, նյութի սկզբնական տարբերակը նույնությամբ հրապարակել է ադրբեջանական մեկ այլ՝ Big.az կայքը: Հարցազրույցում Մամեդովը հայտարարում էր, որ ինքն է գլխատել Հ. Թորոյանին:

Նույն զինծառայողը 2016 թ. հունիսի 24-ին ապրիլյան մարտական գործողություններին մասնակցած Ադրբեջանի ԶՈւ այլ զինծառայողների հետ Ադրբեջանի նախագահի հրամանագրով պարգևատրվել էր «արիության համար» մեդալով: Դրա մասին նշված է նաև Մամեդովին նվիրված Վիքիպեդիայի էջում:

Մամեդովի հարցազրույցի նյութը 2018 թ. ապրիլի 17-ին Facebook-ի իր էջում տարածել էր նաև ադրբեջանական իշխանամետ ռազմական լուրերի էջերից մեկը: Մինչ օրս վերնագիրը և տեքստը փոփոխության չեն ենթարկվել: Բոլոր 17 մեկնաբանություններում ադրբեջանցի օգտատերերը գովերգում են Մամեդովի այդ «հերոսական» քայլը: Օգտատերերից մեկը նշում է, որ բոլոր հատուկջոկատայինները ասում են, որ իրենց խմբից է եղել դա անողը և հարցնում է հիմա ում հավատալ: Ենթամեկնաբանություններում նշում են, որ նա է եղել կտրողը, այնուհետև ցինիկաբար ավելացնում, որ «1 գլուխ չի կտրվել, այլ տասնյակ գլուխներ», «չմոռանաս ականջը» և այլն: Ադրբեջանական մեկ այլ խմբում ևս Մամեդովին հերոսացնում են այդ արարքի համար: Նշվածը ևս անկհայտորեն ի ցույց է դնում այն հանգամանքը, որ թե՛ Ադրբեջանի իշխանությունները, թե՛ հասարակության առնվազն մի հատվածը, խրախուսում են նման քայլերը: Ըստ որում, այս ամենը տեղի է ունենում պետական հովանավորչությամբ:

2016 թ. ապրիլին Ադրբեջանի զինուժի զինծառայողները դաժանաբար սպանել էին նաև տարեց մարդկանց: Թալիշ գյուղում դաժանաբար սպանվել էին ամուսիններ Վալերիկ Խալափյանը և Ռազմելա Վարդանյանը, ինչպես նաև Վ. Խալափյանի 92-ամյա մայրը՝ Մարուսյան Խալափյանը: Նշված և այլ ռազմական հանցագործությունները մանրամասն նկարագրվել և փաստերով ապացուցվել են 2016 թ. ապրիլին Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հրապարակած զեկույցում [4]:

Վերոնշյալներն առաջին նման դեպքերը չեն, Ադրբեջանում մշտապես էլ պետական մակարդակով խրախուսվել են ռազմական հանցագործությունները, քաղաքացիական անձանց դաժան սպանությունները: Նշվածի վառ օրինակը Ռամիլ Սաֆարովի դեպքն է: Ուղիղ 15 տարի առաջ Ադրբեջանի բանակի ավագ լեյտենանտը Բուդապեշտում քնած ժամանակ կացնահարել էր ՀՀ զինված ուժերի զինծառայող Գուրգեն Մարգարյանին: 2006 թ. ապրիլին Սաֆարովը հունգարական դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման՝ առանց 30 տարի ներման համար դիմելու իրավունքի: Չնայած սրան, 2012 թ. օգոստոսին Հունգարիան, Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջանին: Ադրբեջանում մարդասպանին դիմավորեցին իբրև «հերոսի». Իլհամ Ալիևի հրամանով նրան ներում շնորհվեց, Սաֆարովին հատկացվեց 8 տարվա ծառայության գումարը, բնակարան:

Չնայած սրան, Ադրբեջանը մինչ օրս պատասխանատվության չի ենթարկվել միջազգային իրավունքի նորմերը խախտելու, պետական մակարդակով այլատյացությունը խրախուսելու համար: 2016 թ. ապրիլի ռազմական հանցագործությունները տեսականորեն կարող էին կանխվել, եթե միջազգային հանրությունը, պետությունները համապատասխան գնահատական տային Ադրբեջանի կողմից Ռ. Սաֆարովի նման հանցագործի հերոսացմանը, հունգարական դատարանի որոշումն անտեսելուն և պատժամիջոցներ սահմանեին Ադրբեջանի նկատմամբ: Սակայն, քանի դեռ նշված քայլերը չկան, Ադրբեջանում շարունակելու են հերոսացնել մարդասպաններին, հայերի սպանությունը չհամարել հանցագործություն, ինչպես նշել էր Ռամիլ Սաֆարովի փաստաբանը, և պետական մակարդակով Ադրբեջանի քաղաքացիներին խրախուսել նոր նմանատիպ հանցագործություններ իրականացնել:

Հարկ է նշել, որ թե՛ Ռ. Սաֆարովի, թե՛ 2016 թ. ապրիլի ընթացքում ադրբեջանական բանակի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների գործերով հայցեր են ներկայացվել ՄԻԵԴ-ում՝ ընդդեմ Ադրբեջանի [6]: 2017 թ. Գ. Մարգարյանի հարազատներին ներկայացնող փաստաբան Նազելի Վարդանյանը հայտնել էր, որ ՄԻԵԴ-ը 2016 թ. հունիսին երեքական հարցադրում է ուղղել Հունգարիայի և Ադրբեջանի կառավարություններին, որոնց կողմերը պատասխանել են: Գործով որոշման կայացման վերաբերյալ տվյալներ մինչ օրս չկան: 2016 թ. ապրիլի ռազմական հանցագործությունների մասով ևս ՄԻԵԴ-ը 23 գործի քննություն է սկսել: Նշված գործերով օբյեկտիվ և արդարացի որոշման կայացումը կարող է դառնալ հիմք՝ հետագայում նման դեպքերը կանխարգելելու համար, իսկ ոչ համաչափ որոշումը՝ հավելյալ խթան Ադրբեջանի համար՝ շարունակելու հերոսացնել մարդասպաններին:

Տարոն Հովհաննիսյան

Հղումներ Возвращение героя, https://safarov.org/vozvrasheniye-geroya.html 2. Награда за убийство, https://safarov.org/nagrada-za-ubiystvo.html

3. Азербайджан: преступность и расизм без границ. 10 лет назад Рамиль Сафаров убил Гургена Маргаряна, https://youtu.be/RaJ368J1XyE / Անգլերեն տարբերակը՝

AZERBAIJAN. CRIME AND RACISM WITHOUT BORDERS 10 years ago Ramil Safarov killed Gurgen Margaryan, https://youtu.be/ualn6CqJltU

4. NAGORNO KARABAKH REPUBLIC (ARTSAKH REPUBLIC), HUMAN RIGHTS DEFENDER (OMBUDSMAN), INTERIM PUBLIC REPORT, ATROCITIES COMMITTED BY AZERBAIJANI MILITARY FORCES AGAINST THE CIVILIAN POPULATION OF THE NAGORNO KARABAKH REPUBLIC AND SERVICEMEN OF THE NAGORNO KARABAKH DEFENCE ARMY ON 2-5 APRIL 2016,

https://www.ombudsnkr.am/Interim_Public_Report_NKR_Omb_FINAL.pdf

5. Customary International Humanitarian Law Volume I: Rules, p. 409, https://www.icrc.org/en/doc/assets/files/other/customary-international-humanitarian-law-i-icrc-eng.pdf

6. European Court of Human Rights, Application no. 19243/16 K.S. and N.A. against Azerbaijan and 21 other applications, Communicated on 25 November 2016, https://hudoc.echr.coe.int/eng#{%22appno%22:[%2219243/16%22],%22itemid%22:[%22001-169755%22]}



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am