ՀՀ կառավարությունը հանդիպում է անցկացնելու զարգացմանն աջակցող միջազգային կառույցների հետ

Armenpress 19:10, 18 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին և ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, հանդիպմանը զրուցակիցները քննարկել են զարգացմանն աջակցող միջազգային կազմակերպությունների հետ Հայաստանի կառավարության համագործակցության համակարգմանը նվիրված առաջիկայում կայանալիք հանդիպման նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Քննարկվել է առաջիկա հանդիպման օրակարգն ու մտքեր են փոխանակվել Հայաստանի զարգացմանն աջակցող կազմակերպությունների հետ առավել արդյունավետ աշխատանքները համակարգելու և համատեղ ծրագրերն իրականացնելու գործուն մեխանիզմների վերաբերյալ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի համոզմամբ՝ դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության հիմքում պետք է լինեն ՀՀ կառավարության ծրագրի գերակայությունները, միջազգային կազմակերպությունների հետ միջնաժամկետ համագործակցության փաստաթղթերը և, իհարկե, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընլայնված գործընկերության համաձայնագիրն ու դրա ճանապարհային քարտեզը: Փոխվարչապետն ընդգծել է, որ պետք է բոլոր դոնոր կազմակերպությունների ծրագրերը համատեղել համընդհանուր պատկեր ստանալու, ոլորտային խնդիրները վերհանելու և կառավարության առաջնայնությունների հետ առաջիկայում իրականացվելիք ծրագրերի համապատասխանությունն ապահովելու նպատակով:  Զրուցակիցները համակարծիք էին, որ կառավարության ոլորտային ծրագրերի հաստատումից հետո նաև համակարգման հարթակն օգտագործելով հնարավոր է կառուցողական մթնոլորտում արդյունավետ աշխատանք իրականացնել և հաջողություններ գրանցել բոլոր ուղղություններով՝ բացերի վերհանման և իրականցվող աջակցության ծրագրերի առաջխաղացման գործում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am