Իմ նպատակն է Հայաստանը դարձնել գիտական կենտրոն. նախագահ Սարգսյանն այցելել է Եվրոպական հարավային աստղադիտարան

Armenpress 18:06, 18 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 18-ին այցելել է Եվրոպական հարավային աստղադիտարան, որն աստղագիտական հետազոտություններ իրականացնող աշխարհի խոշորագույն կենտրոններից է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Արմեն Սարգսյանի և աստղադիտարանի ղեկավար կազմի հանդիպմանը գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Քսավիե Բարկոնը ներկայացրել է հաստատության գործունեությունը, իրականացվող հետազոտություններն ու ուսումնասիրությունները: Նա նշել է, որ միջազգային այս հեղինակավոր հաստատությունը ունեցել է բազմաթիվ բարձրաստիճան հյուրեր, բայց Արմեն Սարգսյանն առաջին պետության նախագահն է, ով այցելում է աստղադիտարան։

Նախագահ Արմեն Սարգսյանը խոսել է հայկական գիտական մտքի նվաճումների ու կրթական ոլորտում հայ մասնագետների գրանցած հաջողությունների մասին:«Որպես Հայաստանի նախագահ` իմ նպատակն է երկիրը դարձնել գիտական կենտրոն, վերակենդանացնել մեր երկրի գիտական ավանդույթները»,- նշել է Հանրապետության նախագահը: Նա ներկայացրել է հայկական գիտական մտքի ձեռքբերումները՝ մասնավորապես խոսելով Բյուրականի աստղադիտարանի, Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի գործունեության մասին: «Ես ցանկանում եմ առաջ մղել Հայաստանը` իբրև երկիր, որը հիմնված է գիտության, կրթության, գաղափարների վրա: Մենք պատրաստ ենք համագործակցել ձեզ նման հեղինակավոր միջազգային կենտրոնի հետ, լինելու ձեր գործընկերը»,- ասել է Արմեն Սարգսյանը։Հանրապետության նախագահը կազմակերպության ներկայացուցիչներին հրավիրել է Հայաստան` մասնակցելու այս տարվա հունիսին առաջին անգամ մեր երկրում կայանալիք «Մտքերի գագաթնաժողովին»:Պրոֆեսոր Քսավիե Բարկոնը ողջունել է նախագահի առաջարկն ու համագործակցության պատրաստակամություն հայտնել: Հանդիպումից հետո նախագահ Արմեն Սարգսյանը շրջայց է կատարել Եվրոպական հարավային աստղադիտարանի տարածքում, ծանոթացել աշխարհում ամենամեծ օպտիկական աստղադիտակի կառուցման աշխատանքներին:

1962 թվականին ստեղծված Եվրոպական հարավային աստղադիտարանի անդամ է 16 պետություն՝ Ավստրիան, Բելգիան, Չեխիան, Դանիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իռլանդիան, Իտալիան, Նիդերլանդները, Լեհաստանը, Պորտուգալիան, Իսպանիան, Շվեդիան, Շվեյցարիան և Միացյալ Թագավորությունը:Կազմակերպությունը, որի աստղադիտարանները գտնվում են Չիլիում, առաջատար դերակատարում ունի աստղագիտության ոլորտում միջազգային համագործակցության նախաձեռնման ու կազմակերպման մեջ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am