1000х90.jpg (78 KB)

Տիգրան Խաչատրյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը

Armenpress 16:53, 18 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) պատվիրակությանը՝ Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրայի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարար Խաչատրյանն անդրադարձել է ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի տնտեսական բաղադրիչին՝ նշելով, որ հիմնական շեշտադրումը տնտեսական զարգացման տեսանկյունից  ներառականությունն է։ Նախարարը ներկայացրել է ազատ մրցակցային պայմաններին, կարգավորումներին առնչվող  հարցեր։

ԵՆԲ-ի Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրան ներկայացրել է նախարարին ԵՆԲ գործունեությունը՝ նշելով, որ բանկն արդեն 11 տարի համագործակցում է Հայաստանի հետ։

Տիգրան Խաչատրյանը հյուրերի հետ քննարկել է ԵՆԲ-ի կողմից Հայաստանում ֆինանսավորվող ծրագրերը, մասնավորապես՝ գյուղատնտեսության, ճանապարհաշինության, էնէերգախնայողության, ոռոգման և այլ ոլորտներում։ 

Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև փոքր և միջին ձեռնարկությունների համար ֆինանսական միջոցների հասանելիության խնդիրը։

Կողմերը պայմանավորվել են փոխանակվել հետագա համագործակցության համար անհրաժեշտ տեղեկատվությամբ։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am