Շրջանառության մեջ դրվեց Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված գեղաթերթիկը

Armenpress 13:47, 18 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հովհաննես Թումանյանի թանգարանում «Հայփոստ» ՓԲԸ  կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Մեծանուն հայեր.Հովհաննես Թումանյանի ծննդյան 150 ամյակը» թեմային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 1100 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկը տպագրված է Կանադայի «Lowe Martin Group» տպագրատանը՝ 20 հազար տպաքանակով:

Նամականիշի դիզայնի հեղինակն է «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր դիզայներ Վահագն Մկրտչյանը:

Գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն գրող, բանաստեղծ, ազգային և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը՝ իր ստեղծագործությունների և ձեռագրերի խորապատկերին:

Նամականիշի վրա տեղադրված է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի լոգոտիպը, քանի որ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ՝ հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թվականների օրացույցում:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am