Զոհրաբ Մնացականյանը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները

Armenpress 19:34, 17 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում փետրվարի 17-ին կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Սլովակիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում  քննարկվել են հայ-սլովակական օրակարգին առնչվող մի շարք հարցեր: Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել համատեղ ջանքերով ընդլայնել երկկողմ համագործակցությունը:

Անդրադառնալով Հայաստան-Եվրոպական Միության գործընկերությանը՝ Զոհրաբ Մնացականյանը և Միրոսլավ Լայչակը կարևորել են Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ որպես ՀՀ-ԵՄ հարաբերությունները կարգավորող կարևոր հենք: Կողմերն անդրադարձել են միջազգային հարթակներում երկու երկրների փոխգործակցությանն առնչվող հարցերին: Այս համատեքստում քննարկում է ծավալվել ԵԱՀԿ-ում Սլովակիայի նախագահության առաջնահերթությունների իրագործման շուրջ: Նախարար Մնացականյանը Միրոսլավ Լայչակին ներկայացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am