ՀՀ և Ռուանդայի ԱԳ նախարարները կարևորել են միջազգային հանրության ջանքերի համախմբումը ցեղասպանության կանխարգելման գործում

Armenpress 14:08, 17 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մյունխենում ընթացող անվտանգության համաժողովի շրջանակում փետրվարի 16-ին կայացել է Հայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ռիչարդ Սեզիբերայի հանդիպումը:

«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նախարար Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանը հանձնառու է համակողմանի համագործակցություն զարգացնելու աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ՝ այդ առումով մեծապես կարևորելով միջազգային կառույցների, մասնավորապես, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հարթակը:

Զրուցակիցները քննարկել են հայ-ռուանդական հարաբերությունների առավել ակտիվացման և երկկողմ օրակարգի ընդլայնման ու հարստացման հեռանկարները՝ ուղենշելով առկա ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ համատեղ ձեռնարկվելիք քայլերը: Որպես համագործակցության գերակա ուղղություն առանձնացվել են թվային տնտեսությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարության բնագավառները: ԱԳ նախարար Մնացականյանը շեշտել է Հայաստանի պատրաստակամությունը նախաձեռնելու տվյալ ոլորտներում առկա փորձի փոխանակմանն ուղղված ծրագրեր:

Անդրադառնալով ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ միջազգային հարթակներում Հայաստանի և Ռուանդայի կողմից ձեռնարկվող հետևողական քայլերին՝ ԱԳ նախարարներ Մնացականյանը և Սեզիբերան կարևորեցին միջազգային հանրության ջանքերի համախմբումը կանխարգելման օրակարգի առաջմղման գործում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am