ՏԻՄ ընտրություններին, ժամը 11-ի դրությամբ, մասնակցել է ընտրողների 9,85 տոկոսը

Armenpress 12:53, 17 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի 24 համայնքներում փետրվարի 17-ին անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, ժամը 11։00-ի դրությամբ, մասնակցել է ընտրողների 9,85 տոկոսը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի տվյալներով՝ 10 հազար 676 ընտրող ունեցող Վարդենիս համայնքում քվեարկել է 7,99 տոկոսը, 14 հազար 297 ընտրող ունեցող Իջևանում՝ 9,82 տոկոսը։ Ընտրողներն ամենաակտիվն են Ձորագետում՝ 27,96 տոկոս, ամենապասիվը՝ Գետահովտում՝ 2,29 տոկոս։

Փետրվարի 17-ին Գեղարքունիքի, Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի, Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի, Տավուշի և Լոռու մարզերի 20 համայնքներում քաղաքացիները համայնքի ղեկավար են ընտրում:

Արմավիրի և Տավուշի մարզերի 4 համայնքներում էլ ավագանու անդամի ընտրություններ են անցկացվում:

24 համայնքից 14-ում ընտրությունները հերթական են, իսկ 10-ում՝ արտահերթ:

Սահմանված ժամկետում ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված 74 քաղաքացիներից 9-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: Ավագանու անդամի գրանցված 62 թեկնածուներից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 2 թեկնածու: ՏԻՄ ընտրություններին մասնակցող համայնքի ղեկավարի բոլոր 65 և ավագանու անդամի 60 թեկնածուները ինքնառաջադրվել են:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am