Հայաստանի 20 համայնքում մեկնարկել են համայնքի ղեկավարի, 4-ում՝ ավագանու անդամի ընտրությունները

Armenpress 08:03, 17 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարզերի 24 համայնքներում առավոտյան 08:00-ին բացվել են ընտրական տեղամասերը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` փետրվարի 17-ին Գեղարքունիքի, Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի, Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի, Տավուշի և Լոռու մարզերի 20 համայնքներում քաղաքացիները համայնքի ղեկավար են ընտրում:

Արմավիրի և Տավուշի մարզերի 4 համայնքներում էլ ավագանու անդամի ընտրություններ են անցկացվում:

Ընտրական տեղմասերը կփակվեն 20:00-ին:

24 համայնքից 14-ում ընտրությունները հերթական են, իսկ 10-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 20-ում կայանալու են համայնքի ղեկավարի, և 4 համայնքում` ավագանու անդամի ընտրություններ: 

Փետրվարի 7-ի ժամը 18:00-ին լրացել էր ՏԻՄ ընտրությունների համայնքի ղեկավարի և ավագանու անդամի գրանցված թեկնածուների կողմից ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ինքնաբացարկի դիմումներ ներկայացնելու ժամկետը: 

Սահմանված ժամկետում ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված 74 քաղաքացիներից 9-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: Ավագանու անդամի գրանցված 62 թեկնածուներից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 2 թեկնածու:

ՏԻՄ ընտրություններին մասնակցող համայնքի ղեկավարի բոլոր 65 և ավագանու անդամի 60 թեկնածուները ինքնառաջադրվել են:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am