1000х90.jpg (78 KB)

Վեպ, թե՞ ճանապարհորդական ձեռնարկ. Գրականագետները քննարկել են Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» ստեղծագործությունը

Armenpress 21:01, 16 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գիրքը մեծ հետաքրքություն է վայելում ընթերցասերների շրջանում. ոմանք այն վեպ են համարում, ոմանք էլ՝ ճանապարհորդական ձեռնարկ, բայց քչերն են անտարբեր գրքի հանդեպ:

Գիրքը գրակա՞ն երևույթ է, թե՞ արտագրական, վե՞պ է, թե՞ վեպ չէ, Նիկոլ Փաշինյանը գրո՞ղ է, թե՞ ոչ և կամ գրքի բարձր վարկանիշը որքանո՞վ է պայմանավորված Նիկոլ Փաշինյան անձի հետ. հարցերի շուրջ փետրվարի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ խոսեցին գրական ոլորտի ներկայացուցիչները:

«Հեղինակը հաճախ հորինում է կամ զրոյից նոր աշխարհ է ստեղծում գրքում: Հետաքրքիր է. թե ինչպես են գրքում գրված տեքստերը հաճախ դառնում մեր լրատվական դաշտի մի մասը, թե ինչպես է վարչապետը մեջբերում ինքն իրեն»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց արձակագիր Գրիգը:

Արձակագիրը գրքի մեծաքանակ սպառումը պայմանավորեց նրանով, որ այսօր գրքի հեղինակը մեր երկրի վարչապետն է: «Մարդիկ ցանականում են մեկ այլ տեսանկյունից ճանաչել Փաշինյանին: Կարևոր է նաև պատումի եղանակր: Գիրքն այնպես է գրված, որ շատ զանգվածներ այն հասկանան: Ընթերցանությունը հավելյալ բարդություններ չի առաջացանում և, ի վերջո, այն զրույց է հենց ընթերցողի հետ: Բազմաթիվ հատվածներ կան տեքստում, երբ գրողն ուղղակի և անուղղակի դիմում է ընթերցողին: Ըստ իս՝ «Երկրի հակառակ կողմը» միանշանակ վեպ է»,-ընդգծեց նա:

Գրականագետ Հայկ Համբարձումյանի խոսքով՝ գրքում կա որոշակի գեղարվեստականություն, սկիզբն ասես դետեկտիվ պատում լինի: «Գրքի հանդեպ հետաքրքրությունն աստիճանաբար պակասում է, երբ դու տեսնում ես ճանապարհորդական պատումներ, անհատների ապրումներ: Գրքում հակահերոս չենք ունենում, և այն աստիճանաբար դառնում է խորհրդատվությունների մի շղթա՝  գեղեցիկ վայրերով, էրոտիկ տեսարաններով»,-ասաց նա:

Լրագրող Մհեր Արշակյանը շեշտեց, որ «Երկրի հակառակ կողմը» գիրքը գրականություն է այնքանով, որ այն գրվել է թաքստոցում: «Գրականությունն այս գրքի մեջ է այն գրողներով, որոնք կան գրքում՝ Կաֆկա, Սարոյան և այլք: Սա վավերագրություն է, ճամփորդություն խոհանոցում: Ընդհանուր առմամբ՝ հասկանալի է, որ սա հեղինակի ճամփորդությունը չէ երկրի հակառակ կողմով դեպի Հայաստան:  Հայաստանը պրիզմա է, որի միջով ճանապարհորդում է  աշխարհը: Սա աշխարհի ճանապարհորդությունն է Հայաստանում»,-նշեց Արշակյանը՝ նկատելով, որ գրքում տառապանք չկա, հերոսն անընդհատ ուտում է և խմում:

Վարչապետը լսեց գրականագետներին ու ասաց, որ նրանցից յուրաքանչյուրի խոսքում էլ ճշմարտություն կա, և որ ինքը գիրքը գրելիս կրել է համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք հեղինակների ստեղծագործությունների ազդեցությունը: 

Միջոցառումն անցկացվեց «Անտարես» հրատարակչության և «Լոֆթ»-ի նախաձեռնությամբ:

«Արմենպրես» պետական լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի «Հայ հեղինակներ» շարքում ամիսներ շարունակ ամենավաճառված գրքերից մեկը՝ Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը», գրվել է 2008-2009 թվականների ընթացքում, երբ հեղինակը գտնվում էր ընդհատակում: Վեպի է վերածվել հոդվածաշարը, որը տպագրվել է 2008 թվականի մայիս-դեկտեմբեր ամիսներին «Հայկական ժամանակ» օրաթերթում: «2018 թվականի հունվարին ինձ մոտեցավ մի սկսնակ հրատարակիչ և առաջարկեց կազմակերպել «Երկրի հակառակ կողմը» վեպի տպագրությունը՝ առանձին գրքով։ Ես թերահավատությամբ վերաբերվեցի այդ գործը կազմակերպելու նրա հմտությանը, այնուամենայնիվ, ժամանակ խնդրեցի վեպը կարդալ-խմբագրելու համար։ Վեպի ընթերցումը 10 տարի անց ինձ տակնուվրա արեց պարզապես։ Իմ ներսում մի իսկական փոթորիկ սկսվեց, մի իսկական հեղափոխություն։ Ես հասկացա, որ ժողովրդի հաղթանակի ժամը եկել է…»,- գրում է Նիկոլ Փաշինյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am