Ոստիկանության բաժին է ներկայացել Գինեվետ գյուղում դանակահարություն կատարած անձը 

Armenpress 15:57, 16 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաշատի բժշկական կենտրոնից փետրվարի 11-ին՝ ժամը 22.20-ին, ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ազդրի շրջանի կտրած-ծակած վերքեր և որովայնի շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ոստիկանության Արարատի բաժնի և Արարատի մարզային վարչության ծառայողների համագործակցությամբ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 20.30-ի սահմաններում, Գինեվետ գյուղի Կոմիտասի փողոցի տներից մեկի բակում վիճաբանության ժամանակ տղամարդուն դանակահարել է նույն գյուղի բնակիչ 30-ամյա Հայկ Մ․-ն։  Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Հայկ Մ․-ին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներով, ոստիկանության Արարատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում, փետրվարի 15-ին՝ ժամը 14.30-ին, նա ներկայացել է ոստիկանության Արարատի բաժին։  Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։ Հայկ Մ․-ն ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am