«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորի կարծիքով, կառավարության ծրագրում դատական իշխանության խնդիրները մակերեսորեն են ներկայացված

Armenpress 11:05, 14 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը կառավարության ծրագրի նախագծում դատական իշխանությանը վերաբերող հատվածում որոշակիություն չի տեսնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սիմոնյանը նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովի ամբիոնից նախագծի քննարկման ժամանակ:

«Որոշակիությունը, հստակությունը  այն կարևորագույն հիմքերն են, որ պետք է  դնենք մեր աշխատանքի հիմքում: Սակայն իմ կարծիքով` կառավարութան ծրագիրը չի փայլում որոշակիությամբ: Դատական իշխանության բլոկում առկա խնդիրները մակերեսորեն են նշված: Եթե ուզում ենք դատական իշխանության անկախությունն ապահովել և հպարտանալ դրանով, պետք է գիտակցենք, որ առանց խորը անդունդի գեղեցկ մակերևույթ չի լինում: Առկա խնդիրները նեղացված են»,-ասաց Սիմոնյանը:

Նրա կարծիքով` պետք է խորանալ խնդիրների մեջ, միայն այդ դեպքում կարելի է խնդիրները լուծել: Պատգամավորը շեշտեց` դատական իշխանությունը պետականության ողնաշարն է: Եվ կարևորագույն խնդիրը դատական իշխանության, դատավորի իշխանության և անկախության ապահովումն է:« Ծրագրում խոսվում է, որ վեճերի լուծման այլընտրանքային տարբերակները պետք է  զարգացնենք, բայց չի նշվում, թե ինչպես»,-նշեց պատգամավորը:

Ազգային ժողովը փետրվարի 14-ին շարունակում է կառավարության ծրագրի նախագծի քննարկումը:

Փետրվարի 12-ին կայացած նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց կառավարության փետրվարի 8-ին հաստատված ծրագիրը: Գործադիրի ղեկավարին հարց տալու համար հերթագրվել էր 53 պատգամավոր:

Փետրվարի 13-ին տեղի ունեցած նիստում ավարտվեցին վարչապետին ուղղված պատգամավորների հարցերը, և մեկնարկեց ելույթների շրջանը: Ելույթ ունենալու համար հերթագրվել է 43 պատգամավոր:

Կառավարության ծրագրի նախագիծը ներկայացվել էր կառավարության փետրվարի 6-ի նիստում, սակայն այն չէր հաստատվել, քանի որ ստացվել էին նոր առաջարկություններ:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 151-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովը Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am