ՀՀ ԱԳՆ-ում կայացել է «Հայաստանի Հանրապետությունում անվտանգության ոլորտի կառավարումը» թեմայով աշխատաժողովը

Armenpress 20:26, 13 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունում փետրվարի 13-ին կայացել է ՀՀ ԱԳՆ-ի և Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության կազմակերպած «Հայաստանի Հանրապետությունում անվտանգության ոլորտի կառավարումը» թեմայով աշխատաժողովը՝ նվիրված ՀՀ անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ միջև համագործակցության հարցերին։

«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, միջոցառմանը մասնակցել են ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների, Ազգային ժողովի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, քաղաքացիական հասարակության, Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի և ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ու միջազգային կազմակերպությունների գրասենյակների ներկայացուցիչները։    

Աշխատաժողովի բացման նիստին ելույթներով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը, ՊՆ նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը և ԵԱՀԿ սլովակյան նախագահությանը ներկայացնող ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուդոլֆ Միխալկան։    

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը բացման խոսքում կարևորել է աշխատաժողովի անցկացումը՝ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական վերափոխումներին ծանոթանալու և ՀՀ ու ԵԱՀԿ միջև անվտանգության ոլորտի բարեփոխումների ոլորտում ծրագրային համագործակցության հեռանկարները վերաիմաստավորելու առումով։ Նա նշել է, որ անվտանգության ոլորտի բարեփոխումները հանդիսանում են ԵԱՀԿ հետ Հայաստանի համագործակցության առաջնայնություններից մեկը։ Ըստ փոխնախարարի՝ արհեստավարժ, արդյունավետ և հաշվետու անվտանգության ինստիտուտները նպաստում են մարդու իրավունքների իրացմանը և ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանը և լավ կառավարմանը։

«Արտակ Ապիտոնյանը բարձր գնահատեց ԵԱՀԿ սլովակյան նախագահության հետ համագործակցությունը ԵԱՀԿ օրակարգում տարբեր ձևաչափերում անվտանգության ոլորտի բարեփոխումների թեման առաջ մղելու գործում։ Նա հայկական կողմի պատրաստակամությունը հայտնեց շահագրգիռ մասնակից պետությունների հետ կիսել անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության իր ազգային փորձառությունը։

Աշխատաժողովի մասնակիցները մտքերի փոխանակում կատարեցին անվտանգության ոլորտի բարեփոխումների և ժողովրդավարական վերահսկողության ուղղությամբ Հայաստանի կարիքների ու առաջնայնությունների վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am