Մայր Աթոռում կատարվել է Տեառնընդառաջի նախատոնակը

Armenpress 20:19, 13 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին փետրվարի 14-ին նշելու է Տեառնընդառաջի տոնը, որը խորհրդանշում է 40-օրյա մարդեղացյալ Աստվածորդու՝ մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին։ Տերունական տոնի սկիզբն ազդարարվել է փետրվարի 13-ի երեկոյան։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը Ս. Գայանե վանքում մասնակցել է Երեկոյան ժամերգության:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացավ «Ֆեյսբուք»-ում Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանի էջից, հավարտ ժամերգության, հանդիսապետությամբ Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, տեղի է ունեցել նախատոնակ, ապա կատարվեց նաև տարվա առաջին Անդաստանի արարողությունը, որի ընթացքում օրհնվեցին աշխարհի չորս կողմերը: 

«Այնուհետև «Քրիստոս փառաց» հոգեզմայլ տաղի ներքո Ս. Գայանեի խորանի կանթեղից վառված մոմով Մուշեղ Սրբազանը Հիսուս Քրիստոսին խորհրդանշող կենսատու լույսը փոխանցեց ներկա հավատավոր ժողովրդին:  Արարողությունից հետո եկեղեցականաց թափորն ուղղվեց դեպի Մայր Աթոռի միաբանական շենքի շրջափակ, ուր, ներկայությամբ բազում հավատացյալ հայորդիների, ձեռամբ Մայր Աթոռի Լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի, վառվեց Տեառնընդառաջի խարույկը: 

Խարույկի շուրջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի սաները հանդես եկան հոգևոր և ազգային երգերի կատարումներով: 

Տարիներ առաջ Տեառնընդառաջի տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է որպես նորապսակների օրհնության օր: Այս առիթով փետրվարի 14-ին` եկեղեցիներում մատուցվող Ս. Պատարագի ավարտին, կկատարվի նորապսակ զույգերի օրհնության հատուկ կարգ»:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am