Կարդինալ Դոմինիկ Դուկան մեծ ակնածանք է տածում հայ ժողովրդի մշակութային հարստության և հոգևոր ժառանգության նկատմամբ

Armenpress 19:23, 13 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը փետրվարի 12-ին քաղաքավարության այց է կատարել Չեխիայի կաթոլիկ եկեղեցու հոգևոր առաջնորդ կարդինալ Դոմինիկ Դուկային (Dominik Duka)։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, կարդինալ Դուկան շնորհավորել է ՀՀ դեսպանին՝ իր առաքելությունը Չեխիայի Հանրապետությունում սկսելու առթիվ և հաջողություններ մաղթել գործունեության մեջ։ Նա մեծ ակնածանքով է խոսել նաև հայ ժողովրդի մշակութային հարստության և հոգևոր ժառանգության մասին։

Դեսպան Հովակիմյանն իր հերթին երախտիքի խոսքեր է ուղղել կարդինալին՝ վերջին տարիների ընթացքում Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ իր բարեկամական վերաբերմունքի՝ մասնավորապես, հայ համայնքին Պրահայի կենտրոնում եկեղեցի տրամադրելու, Չեխիայում Հայոց ցեղասպանության ճանաչման գործում իր մեծ ավանդի համար։

Հանդիպման ավարտին դեսպան Հովակիմյանը գրառում է կատարել Առաջնորդարանի պատվավոր հյուրերի մատյանում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am