Դեսպան Կարեն Նազարյանը հավատարմագրերի պատճենը հանձնել է Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդին

Armenpress 19:00, 13 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վատիկանում ՀՀ նորանշանակ դեսպան Կարեն Նազարյանը փետրվարի 12-ին իր հավատարմագրերի պատճենը հանձնել է Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ, գերաշնորհ Էդգար Պենյա Պառային (H.E. Msgr. Edgar Peña Parra, Substitute for General Affairs to the Secretary of State):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են հայ-վատիկանյան վաղեմի, սերտ ու բարեկամական հարաբերություններին:

Դեսպան Նազարյանն ընդգծել է Հայաստանի համար Սուրբ Աթոռի հետ երկկողմ հարաբերությունների կարևորությունը և հայտնել դրանք ընդլայնելու ուղղությամբ իր պատրաստակամության մասին:

Գերաշնորհ Պենյա Պառան, շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելությունն սկսելու առթիվ, վստահություն է հայտնել, որ հայ-վատիկանյան միջպետական հարաբերությունները շարունակելու են առավել զարգանալ:

Վատիկանում կայացած հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումների առնչությամբ կողմերի մոտեցումներին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am