ՀՀ դեսպանը և Բելառուսի տեղեկատվության նախարարը կարևորել են միջկառավարական ոլորտային համաձայնագրի իրականացումը

Armenpress 18:31, 13 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի փետրվարի 12-ին հանդիպել է Բելառուսի տեղեկատվության նախարար Ալեքսանդր Կարլյուկևիչի (Александр Карлюкевич) հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ՀՀ դեսպանի քաղաքավարական այցելության ընթացքում նախարար Կարլյուկևիչը ներկայացրել է Բելառուսի տեղեկատվության նախարարության գործառույթները զանգվածային լրատվության, հրատարակչության, գրատպության ոլորտներում, ինչպես նաև՝ տեղեկատվական տիրույթում առկա իրավական հիմնական կարգավորումները։

Երկկողմ համագործակցության հարցերի դիտարկման ընթացքում երկուստեք կարևորվել է 2000թ․ հոկտեմբերի 31-ին ստորագրված Մամուլի և տեղեկատվության բնագավառում համագործակցության մասին հայ-բելառուսական միջկառավարական համաձայնագրի դրույթների իրականացումը։ Ընդգծվել է երկկողմ փոխգործակցության առաջխաղացման պատրաստակամությունը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am