Կիպրոսի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ

Armenpress 18:19, 13 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում փետրվարի 13-ին Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսի գլխավորած պատվիրակությունը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Սավաս Անգելիդիսի գլխավորած պատվիրակությունը եղել է նաև Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում, որտեղ կիպրական կողմին են ներկայացվել պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման ուղղությամբ իրականացվող ծրագրերն ու աշխատանքները:

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն կատարած այցելության ընթացքում ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարարին ծանոթացրել են վերականգնողական կենտրոնի հնարավորություններին: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև համագործակցության հետագա ձևաչափը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am