Արսեն Թորոսյանը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ

Armenpress 18:12, 13 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կայացել է հերթական աշխատանքային հանդիպումը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և Հայաստանում Եվրոպական միության (ԵՄ) պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, կողմերը քննարկել են  առողջապահության բնագավառում Եվրամիության հետ համատեղ ծրագրերը և դրանց զարգացմանն ուղղված հետագա քայլերը: Ծրագրերն ընգրկում են` ջրի որակի և պաշարների կառավարման, ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց նկատմամբ հսկողության, էլեկտրոնային առողջապահության և այլ կարևոր հարցեր:

Նախարար Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել բաց և անկեղծ համագործակցության համար և հույս հայտնել, որ երկկողմ գործակցությունը նոր թափ կստանա:

ԵՄ դեսպանը շեշտել է, որ առողջապահության համակարգը շատ կարևոր է Հայաստանի համար և նշել, որ Եվրոպական միությունը պատրաստ է կիսվել իր փորձով:

Երկուստեք պայմանավորվածություններ են ձեռք բերվել ավելի սերտացնելու հարաբերությունները առողջապահության ոլորտում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am