ՀՀ կրթության և գիտության նախարարությունը «Շախմատը» դպրոցական առարկայացանկից հանել-չհանելու մասին վերջնական որոշում չունի

Armenpress 18:19, 12 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի դպրոցներում «Շախմատը» առարկայացանկից հանելու մասին վերջնական որոշում չկա, նախարարությունը դեռ պետք է քննարկումներ անցկացնի մասնագետների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

 «Հարցը քննարկման փուլում է, իսկ այն ցանկից հանելու մասին հետևությունների պատճառ դառնում են պարզապես լրատվամիջոցների նյութերի վերնագրերը: Ես ասում եմ, որ առարկայի հետ կա խնդիր, կան որոշակի բողոքներ տնային աշխատանքների, դասավանդման հետ կապված, և դեռ ոլորտի մասնագետների հետ պիտի քննարկում անցկացնենք»,-ասաց Հարությունյանը:

Նա նշեց, որ միայն հրապարակված նյութերի վերնագրերն են պատճառը, որ հասարակությունն ապակողմնորոշվում է և բողոքներ են հնչում:

Ավելի վաղ լրատվամիջոցներում լուրեր էին շրջանառվում, որ «Շախմատ» առարկան դուրս է գալիս դպրոցների առարկայացանկից:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am