1000х90.jpg (78 KB)

Նիկոլ Փաշինյանը հակված է քայլ առ քայլ ունիվերսալ հակակոռուպցիոն մարմին ստեղծելուն

Armenpress 16:24, 12 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակված է ունիվերսալ և ուժեղ հակակոռուպցիոն մարմնի քայլ առ քայլ ստեղծմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց փետրվարի 12-ին Ազգային ժողովում պատգամավորների հետ հարցուպատասխանի ընթացքում:

«Հակակոռուպցիոն մարմնի գոյությունը շատ կարևոր եմ համարում, բայց, ընդհանուր առմամբ հակակոռուպցիոն մարմնի մի քանի կոնցեպցիա կա: Մասնավորապես՝ ինչ գործառույթներ պետք է այն կարողանա իրականացնել՝ հետաքննական, քննչական, օպերատիվ-հետախուզական լիազորություններ պետք է ունենա, թե ոչ: Սրանք սկզբունքային կարևոր հարցեր են: Ես անձամբ կարծում եմ, որ հակակոռուպցիոն մարմինը պետք է ունենա բավականին լայն լիազորություններ, բայց պետք է փուլ առ փուլ գնալ այդ լիազորությունների տրամադրմանը, ոչ թե միանգամից»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ լիազորությունների ամբողջական տրամադրման դեպքում պետական կառավարման համակարգում խզում կառաջանա:

«Երբ այդ հակակոռուպցիոն մարմնին մենք տանք որոշակի լիազորություններ, պետք է այլ մարմինների գործառույթները կրճատենք և տեղափոխենք այստեղ: Երբ այդ ամենը անենք, կարող է պարզվի, որ հին մարմինը չի անում այլևս, իսկ նորը ի վիճակի չէ կատարել այդ գործառույթները: Իմ դիրքորոշումն այն է, որ պետք է գնալ ունիվերսալ հակակոռուպցիոն մարմին ունենալու ճանապարհով, բայց դրան պետք է գնալ քայլ առ քայլ»,- նշեց վարչապետը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am