Հայաստանն ընդլայնում է պաշտպանական համագործակցությունը Կիպրոսի հետ

Armenpress 15:20, 12 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության միջև պաշտպանական համագործակցությունն ընդլայնվել է՝ ներառելով նախկին 13-ի փոխարեն 15 ոլորտ:

Ինչպես  տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  ՀՀ ՊՆ վարչական համալիրի մամուլի սրահում տեղի ունեցած Կիպրոսի Հանրապետության  պաշտպանության նախարար Սավաս Անգելդիսի համատեղ մամուլի ասուլիսում այս մասին հայտնեց Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ նշելով, որ Հայ-կիպրական  երկկողմ պատմական համագործակցությունը հիմնված է երկու երկրների ժողովուրդների երկարամյա բարեկամության, փոխադարձ պատրասատակամության և ընդհանուր մոտեցումների վրա, որն ունի լուրջ հեռանկարներ:

«Մենք Կիպրոսի Հանրապետության  պաշտպանության նախարար Սավաս Անգելդիսի հետ  քննարկել ենք պաշտպանության բնագավառում առկա վիճակն ու ընդլայնման հնարավորությունը: Տեղեկացնեմ ձեզ, որ անմիջապես տեղում մեր 13 համագործակցության միջոցառումները դարձան 15: Ներկայացրել եմ Սիրիայում Հայաստանի մարդասիրական առաքելության մանրամասները և գտնում ենք, որ տեղեկատվության փոխանակումը Մերձավոր Արևելքում շատ կարևոր է երկուստեք»,- ասաց Տոնոյանը:

Պաշտպանության նախարարը նշեց, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ժամկետային պարտադիր ծառայության կազմակերպման հետ կապված խնդիրները:

«Ինչպես գիտեք, Կիպրոսի Հանրապետությունը Եվրամիության անդամ երկրների մեջ քչերից մեկն է, որը պահպանում է ժամկետային պարտադիր ծառայությունը և, ի ուրախություն մեզ, ունի մեզ հետ փորձի փոխանակման մեծ հնարավորություններ, քանի որ կիսում են պարտադիր ժամկետային ծառայության բոլոր դժվարությունները: Եվ պայմանավորվել ենք, որպես առաջնահերթություն, տեղեկատվություն փոխանակել իրար հետ»,- հավելեց Տոնոյանը:

Նախարարն ասաց, որ Կիպրոսի հետ համագործակցելու են ռազմաօդային, հակաօդային, մարտական պատրաստվածության, ռազմական արդյունաբերության ոլորտում, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում:

«Մեր հանդիպման ընթացքում կրկին անգամ փաստեցինք բարեկամ երկրների միջև առկա քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունները և  վերահաստատեցինք միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ ընդհանուր մոտեցումները»,- եզրափակեց Տոնոյանը:

Կիպրոսի Հանրապետության  պաշտպանության նախարար Սավաս Անգելդիսը հրավերի համար շնորհակալություն հայտնեց Տոնոյանին և նշեց, որ մեծ ուրախությամբ է այցելել Հայաստան:

«Իմ այսօրվա այցելությունը վկայում և ապացուցում է այն, որ մեր երկու երկրները ունեն ներուժ ապագա ծրագրերի զարգացման և պաշտպանական համագործակցության բնագավառներում: Մեր երկու երկրները կիսում են միևնույն հետաքրքրությունները տարածաշրջանային հարցերում: Մենք հակված ենք տարածաշրջանային խաղաղության և միջազգային օրենքների պահպանմանը: Սրանք պատմական արժեքներ են, որոնք միշտ ուղեկցվում են մարդկության հետ: Այսօրվա մեր ստորագրած պաշտպանական համագործակցության ծրագիրը մեզ տանում է մեկ քայլ առաջ համագործակցության մակարդակում, ինչպես նաև միտված է զարգացնելու տարածաշրջանային անվտանգության տարբեր հարցերում մեր համագործակցությունը»,- ասաց Անգելդիսը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am