Վահագն Հարությունյանը կշարունակի գլխավորել կանանց Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը  

Armenpress 14:41, 12 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում  Հայաստանի կանանց մինչև 18 տարեկանների հավաքականը այս տարի ևս կգլխավորի  Վահագն Հարությունյանը: Նրան կօգնեն Լիաննա Բաղդասարյանը և Ալբերտ Հարությունյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը տեղի է ունենալու հուլիսի 30-ից օգոստոսի 4-ը Անդորայում: ԵԱ-ում մեր ընտրանին հանդես է գալու Բ ենթախմբում, որտեղ նրա մրցակիցներն են Ջիբրալթարն ու Վրաստանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի կանանց մինչև 18 տարեկանների հավաքականը Վահագն Հարությունյանի գլխավորությամբ 2016 թվականին դարձել է Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության հաղթող, 2017 թվականին կանանց մինչև 16 տարեկանների հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության չեմպիոն, իսկ մինչև 18 տարեկանների հավաքականը` արծաթե մեդալակիր:

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ասպարեզում ունեցած վաստակի համար Վահագն Հարությունյանին 2017 թվականին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզչի պատվավոր կոչում:

Հարությունյանը նաև Ա լիգայի 2018/19 թթ. մրցաշրջանում հանդես եկող ՖԻՄԱ ակումբի գլխավոր մարզիչն է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am