1000х90.jpg (78 KB)

Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից ազդարարեց Հայաստանում համաժողովրդական տնտեսական հեղափոխության մեկնարկը

Armenpress 11:36, 12 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը 7-րդ գումարման Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց Հայաստանում համաժողովրդական տնտեսական հեղափոխության մեկնարկը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին հայտարարեց Ազգային ժողովի առաջին նստաշրջանի հերթական նիստի ընթացքում՝ կառավարության ծրագիրը ներկայացնելիս:

««Իմ քայլը» դաշինքը հենց տնտեսական հեղափոխություն իրականացնելու մանդատ է ստացել ժողովրդից: Եվ ուրեմն, ինչպես 2018թ. ապրիլի 16-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակի ինքնաշեն ամբիոնից հայտարարեցի Հայաստանում ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության մեկնարկը, այնպես էլ հիմա Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի  բարձր ամբիոնից ազդարարում եմ Հայաստանի Հանրապետությունում համաժողովրդական, տնտեսական հեղափոխության մեկնարկը: Հայ ժողովուրդը հաղթել է կոռուպցիայի, ամենաթողության, կլանային կառավարման դեմ պայքարում և հայ ժողովուրդը հաղթելու է աղքատության, գործազրկության, խեղճության ու անգործության դեմ պայքարում»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ կառավարությունը որդեգրում է տնտեսական աճի քաղաքականությունը տնտեսական զարգացման քաղաքականությամբ փոխարինելու ուղեգիծ: 

«Կարելի է տնտեսական աճ ապահովել մի քանի ընկերությունների գործունեության արդյունքում, բայց սա բացի թվաբանությունից ուրիշ ոչինչ չի նշանակում, և քաղաքացիները չեն զգում տնտեսական այդ աճի ազդեցությունը, ինչքան էլ այն մեծ լինի: Մեզ հարկավոր է տնտեսական զարգացում, և որպես այդ զարգացման ամենատեսանելի արգասիք, կառավարությունը նպատակադրվում է առաջիկա հինգ տարիներին հասնել Հայաստանում ծայրահեղ աղքատության հաղթահարմանը, աղքատության և գործազրկության էական կրճատմանը, աշխատավարձերի և թոշակների շարունակական աճին, արտահանման տեմպերի բազմապատկմանը: Հենց այս որակական ու քանակական ցուցանիշների ու նպատակների համադրությունն է, որ մենք համարում ենք տնտեսական հեղափոխություն: Մենք հավատում ենք, որ Հայաստանի քաղաքացիները, հայ ժողովուրդը, կառավարությունն ու Ազգային ժողովը ունեն բավարար քաղաքական կամք, մտավոր ու բարոյական ներուժ՝ վերը նշված խնդիրների լուծման համար»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am