ՀՀ ԶՈՒ կազմավորման տարեդարձը նշվել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունում

Armenpress 18:27, 11 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 27-րդ տարեդարձի կապակցությամբ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունում (Տամպա, Ֆլորիդա նահանգ) անցկացվել են մի շարք միջոցառումներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հունվարի 30-ին ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունում ՀՀ ԶՈՒ փոխգործողության սպա, ավագ ազգային ներկայացուցիչ, փոխգնդապետ Արմեն Զաքարյանի կողմից ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության ղեկավար կազմին և միջազգային կոալիցիայի անդամ շուրջ 50 երկրների զինված ուժերի ներկայացուցիչներին ներկայացվել է Հայաստանի և նրա զինված ուժերի վերաբերյալ բրիֆինգ: Դրան հաջորդել է հյուրասիրություն և հայկական ուտելիքների համտեսում:

Միջոցառմանը մասնակցել է նաև ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Սանկտ-Պետերբուրգ քաղաքում գտնվող Ս.Հակոբ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովնան Դեմերջյանը, ով ներկաներին է դիմել ողջույնի և օրհնանքի խոսքով:

ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարությունը հիմնադրվել է 1983թ.-ին և հանդիսանում է ամերիկյան աշխարհագրական վեց հրամանատարություններից մեկը: Վերջինիս պատասխանատվության գոտին ընդգրկում է Եգիպտոսից Ղազախստան աշխարհագրական հատվածում գտնվող 22 պետություններ: Հայաստանը մասնակցում է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության պատասխանատվության գոտում գտնվող երկու երկրներում՝ Աֆղանստանում և Լիբանանում իրականացվող միջազգային առաքելություններին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am