Թուրքիայի իշխանություններն արգելել են ընդդիմադիր քրդամետ կուսակցության երթը

Armenpress 18:22, 11 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական ոստիկանությունը արգելել է ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) երթը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:

Կուսակցության ներկայացուցիչները ցանկանում էին երթ անցկացնել Ստամբուլում` ի պաշտպանություն HDP պատգամավոր Լեյլա Գյուվենի, ով արդեն 96 օր է հացադուլ է անում:

Լեյլա Գյուվենը, ինչպես քրդամետ կուսակցության մյուս ձերբակալված անդամները, ձերբակալվել էր «ահաբեկչությանն օժանդակելու, ահաբեկչական կազմակերպություն ստեղծելու, ահաբեկչության քարոզ իրականացնելու և այլն»  հատկանիշներով:

Գյուվենը հացադուլը սկսել է ի պաշտպանություն բոլոր քաղբանտարկյալների։ Նա հացադուլը սկսել էր դեռ բանտում, մինչև պայմանականորեն ազատ արձակվելը:

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախկին համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև կուսակցության անդամ ևս 11 պատգամավոր դեռևս 2 տարի առաջ են ձերբակալվել, ապա կալանավորվել են: Նրանց դեմ հետաքննություն է իրականացվում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեղադրանքներով: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am