ԱԺ հանձնաժողովը նախատեսում է ՊՆ-ի հետ քննարկել զինծառայությանը անհամատեղելի առողջական խնդիրների ցանկը

Armenpress 17:25, 11 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նախատեսում է Պաշտպանության նախարարության հետ քննարկել զինծառայությանը անհամատեղելի առողջական խնդիրների ցանկը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 11-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Ես այն տեսակետին եմ, որ հայկական բանակում պետք է ծառայեն կատարյալ առողջ զորակոչիկները, ուրիշ բան, որ ամբողջ այդ կոնցեպտը պետք է ՊՆ-ի հետ վերանայվի, բայց մենք պետք է նայենք նաև մեր ռեսուրսների կորստի հնարավորությունը, որովհետև կատարյալ առողջն իմ պատկերացմամբ ամեն ինչում է առողջ, բայց կան նաև հիվանդություններ, որոնք գուցե շարային ծառայության համար պիտանի չլինեն, բայց պիտանի լինեն այլ ծառայության համար: Այնպես որ կարծում եմ ծառայության ամբողջ համակարգը վերանայելու անհրաժեշտություն կա, և ՊՆ-ի հետ մեր առաջնահերթ ծրագրերի մեջ պետք է պլանավորենք նաև այդ հարցը»,- ասաց Քոչարյանը:

Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ պետք է մշտապես վերանայել նաև այն հիվանդությունների շարքը, որոնցով զորակոչիկը ազատվում է զինծառայությունից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am