1000х90.jpg (78 KB)

Կիբերանվտանգության թեմայով տեսանյութերի մրցույթի հաղթողները արժանացան մրցանակների

Armenpress 16:46, 11 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ապահով համացանց»  շաբաթվա շրջանակում հայտարարած կիբերանվտանգության  թեմայով տեսանյութերի  մրցույթի հաղթողները հայտնի են: Մրցույթին ներկայացած 170 մասնակցից հաղթող ճանաչվեց հինգը` Էլեն Մանգասարյանը, Մերի Խաչատրյանը, Շուշան Արևշատյանը, Դավիթ Դավթյանը և Հայկանուշ Հովհաննիսյանը: Նրանց խորհրդանշական մրցանակներ հանձնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցանակաբաշխությունը  տեղի ունեցավ փետրվարի 11-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում:

«Նախորդ շաբաթ  մեկնարկել էր «Ապահով համացանց» միջոցառումների շարքը: Մեր նպատակն էր դրա շրջանակում իրականացվող դասախոսությունների միջոցով  աշակերտներին սովորեցնել այն հմտությունները, որոնք հնարավորություն կտան  նրանց հրաժարվել և խուսափել համացանցի անցանկալի բովանադակությունից, պաշտպանվել կիբերհարձակումներից: Կարծում եմ` նման միջոցառումներ մենք պետք է անցկացնենք նաև տարվա ընթացքում և հետևենք կիբերանվտանգության կանոններին»,-նշեց Հարությունյանը:

Մրցույթի հանձնաժողովի  անդամ, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով` շատերն անգամ չգիտեն, որ մեր օրերում դպրոցներում, բուհերում բազմաթիվ վիդեոբլոգերներ են ի հայտ եկել, որոնք շատ հետաքրքիր բովանդակություն են ստեղծում: «Այս մրցույթի միջոցով  պետք էր մեծահասակներին ծանոթացնել այդ աշխատանքին ու ասել, որ երիտասարդները հաճախ կարողանում են ավելի լավ բաներ նկարել, քան իրենք: Ներկայացվել էին հետաքրքիր տեսանյութեր ու իսկապես բարդ էր ընտրություն կատարել: Հաղթել են այն տեսանյութերը, որոնք երեխաներն ինքնուրույն են նկարել. գուցե ձայնի որակը վատ լինի, բայց մտքերն են օրիգինալ, անսպասելի բան կա դրանցում»,-ընդգծեց Մարտիրոսյանը:

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

Ներկաները հնարավորություն ունեցան դիտել հաղթած տեսանյութերը և ծափահարեցին մրցանակակիրներին:

«Ապահով համացանց»  շաբաթվա շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հունվարի 14-28-ը  դպրոցականների և երիտասարդների շրջանում հայտարարել էր կիբերանվտանգության թեմայով տեսանյութերի մրցույթ: Թեման պետք է կապ ունենար կիբերանվտանգության հետ` սոցիալական ցանցերում  անձնական  տվյալների պաշտպանությունից մինչև երեխաների դեմ կիբերհալածանքների պայքար:

Մասնակիցների առավելագույն տարիքն էր 25-ը: Հաղթողների մրցանակները տրամադրել էր  Ucom ընկերությունը STEM  միությունը: Լավագույն տեսանյութերը կցուցադրվեն դպրոցներում, կտեղադրվեն ԿԳՆ կայքում և ֆեյսբուքյան էջում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am