Վարազդատ Կարապետյանի համար ոչ թե անվանումն է կարևոր, այլ նախարարության մշակած քաղաքականության արդյունավետությունը

Armenpress 12:20, 11 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանի համար ոչ թե նախարարության անվանումն է կարևոր, այլ դրա մշակած քաղաքականությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Կարապետյանն ասաց փետրվարի 11-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Մենք պետք է մի շատ կարևոր հարցադրում հստակեցնենք: Նախարարությունների հիմնական գործառույթը քաղաքականություն մշակելն է: Հիմա անունը կդնենք առանձին նախարարություն, թե անունը կդնենք վարչություն, կդնենք բաժին կառավարության աշխատակազմում, բացարձակ էական չէ: Էականն այն է, թե այդ պրոֆեսիոնալների խումբը, ովքեր քաղաքականության մշակողներն են, ինչպես են մշակելու քաղաքականությունը, և մենք որպես հանրություն, ինչպես ենք քաղաքականության մշակման գործընթացը վերահսկելու ու մասնակցելու այդ գործընթացին»,- ասաց Կարապետյանը:

Վարազդատ Կարապետյանը նաև նշեց, որ տրամաբանական է, որ բոլոր ենթակառուցվածքները միավորված են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մեջ:

ՀՀ կառավարության կառուցվածքի վերաբերյալ քննարկումներն ավարտվել են. հայտնի են 12 նախարարությունների անվանումները:  Նոր կառավարությունը կունենա հետևյալ նախարարությունները.

Արտաքին գործերի նախարարություն Պաշտպանության նախարարություն Արտակարգ իրավիճակների նախարարություն Արդարադատության նախարարություն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Կրթության, գիտության և մշակույթի նախարարություն Բնապահպանության նախարարություն Առողջապահության նախարարություն Ֆինանսների նախարարություն Էկոնոմիկայի նախարարություն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am