1000х90.jpg (78 KB)

Գաբրիել Ղազարյանը շնորհավորել է Ալբերտ Ազարյանին ծննդյան 90-ամյակի կապակցությամբ  

Armenpress 11:38, 11 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը շնորհավորել է Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանին` ծննդյան 90-ամյակի կապակցությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` շնորհավորանքի խոսքում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո պարոն Ազարյան, սիրելի վարպետ, հայկական սպորտի և օլիմպիական շարժման դեռևս չգերազանցված լեգենդ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան 90-ամյակի կապակցությամբ:  Դուք համաշխարհային սպորտի այն մեծություններից եք, որը ոչ միայն ծանրակշիռ ավանդ և հսկայական վաստակ ունի մարմնամարզության զարգացման գործում, այլև միջազգային ճանաչման նոր մակարդակի է հասցրել հայկական սպորտը: Դուք մարզիկի, մարզչի, ֆեդերացիայի նախագահի և ուղղակի՝ սպորտի նվիրյալի լավագույն օրինակ եք, որին ձգտելու են նմանվել դեռ շատ ու շատ սերունդներ, սերունդներ, որոնց համար «ազարյանական խաչը» լինելու է մարզական ձեռքբերումների նշաձող:  Սիրելի պարոն Ազարյան, ևս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ՝ 90-ամյա հոբելյանի առթիվ: Համոզված եմ, որ այսուհետ ևս շարունակելու եք ապրել և աշխատել Ձեզ հատուկ երիտասարդական ավյունով: Մաղթում եմ առողջություն, անսահման եռանդ և երկար տարիների կյանք»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am