Դեսպան Արմեն Պապիկյանը հանդիպել է Ավստրիայի հայ համայնքի կառույցների ներկայացուցիչների հետ

Armenpress 20:08, 8 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայում ՀՀ դեսպանության «Հայաստան» կենտրոնում փետրվարի 7-ին կայացել է Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանի հանդիպումը ավստրիահայ համայնքի հոգևոր հայրերի, համայնքային կառույցների և կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպմանը ՀՀ դեսպանն ընդգծել է Ավստրիայում գործող հայկական հասարակական կազմակերպությունների և միությունների դերը համայնքի ազգային կյանքի խթանման, Հայաստանի և Սփյուռքի միջև առևտրատնտեսական, գործարար, կրթամշակութային կապերի ամրապնդման հարցում: Արմեն Պապիկյանը կարևորել է դեսպանության և հայկական կառույցների միջև ձևավորված համագործակցության շարունակականության ապահովումը և պատրաստակամություն հայտնել դեսպանության կողմից ավստրիահայ միությունների և կազմակերպությունների գործունեությանն անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու հարցում:

ՀՀ դեսպանը Հայաստանի և Ավստրիայի միջև հարաբերությունների խորացման առումով կարևորել է հայկական կազմակերպությունների ներուժն օգտագործելու, հայ համայնքի և Ավստրիայի կառավարության միջև համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ ձեռնակվելիք քայլերը:

Դեսպան Պապիկյանը նաև անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած վերջին ժողովրդավարական զարգացումներին, Հայաստանի կառավարության առաջնայնություններին, ինչպես նաև Հայաստանում իրականացվող ծրագրերին և բարեփոխումների գործընթացին։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am