Կառավարության ծրագիրը լիարժեք համապատասխանում է մեր ունեցած հայեցակարգային պատկերացումներին. Փաշինյան

Armenpress 11:55, 8 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրին, որն այսօր  կներկայացվի Ազգային ժողով:

Առաջիկա հինգ տարիներին ՀՀ կառավարության գործունեությունը միտված է լինելու Հայաստանի Հանրապետությունում բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, ինչպես նաև բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված  մրցունակ և ներառական տնտեսություն կառուցելուն:  Այդ նպատակին հասնելու համար առանցքային նշանակություն ունեն, մասնավորապես, Հայաստանի արտաքին և ներքին անվտանգության ապահովումը, Արցախի անվտանգության երաշխավորումը և շարունակական ամրապնդումը, Հայաստանի Հանրապետության զարգացման նպատակի շուրջ համախմբումը, կառավարության հաշվետվողականությունն ու թափանցիկությունը, կոռուպցիայի հանրային մերժումը և կոռուպցիայից զերծ հանրությունը, քաղաքականության և բիզնեսի գործնական տարանջատումը, տնտեսական գործունեության համընդհանուր հասանելիությունը, ներդրումային միջավայրի գրավչությունը, աշխատանքի և ներդրումների քաջալերումը, կրթության և առողջ ապրելակերպի քաջալերումը:

Ինչպես նշել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, իրականացվել են խմբագրական աշխատանքներ, առավելագույնս մշակվել են ստացված առաջարկները ծրագրի նախագծում ներառելու համար: «Ծրագրի հետ կապված անելիքների գործիքակազմը և թվային ցուցանիշներն արտացոլված կլինեն ոլորտային ծրագրերում, որոնք կմշակվեն  Կառավարության ծրագրի հաստատումից անմիջապես հետո»,-ասել է  փոխվարչապետը:  

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարության ծրագրի նախագիծի հրապարակումից հետո եղել են որոշակի արձագանքներ, որոնք կառավարությունում աշխատանքային կարգով քննարկվել են:

«Այդ քննարկումը մեզ օգնեց ևս մեկ անգամ արձանագրել, որ կառավարության այս ծրագիրը լիարժեք համապատասխանում է մեր ունեցած հայեցակարգային պատկերացումներին:

Մեր հայեցակարգային պատկերացման համար անկյունաքարային նշանակություն ունի հետևյալը. մենք հռչակել ենք տնտեսական հեղափոխության հայեցակարգը և այս ծրագով ազդարարում ենք տնտեսական հեղափոխության մեկնարկը՝ արձանագրելով, որ կառավարության գործառույթը շարունակում է  մնալ նույնպիսին, ինչպիսին եղել է  Հայաստանում ոչ բռնի, թավշյա, ժողովրդական  հեղափոխության քաղաքական հարթակի պատասխանատվությունը, և դա  հնարավորություններ ստեղծելն է: Ես ուզում եմ, որ մենք շատ հստակ արձանագրենք՝ կառավարությունն իրեն համարում է այս գործընթացի կարևոր մասնակիցներից մեկը, կազմակերպիչը, որի հիմնական առաքելությունը հնարավորություններ ստեղծելն է և մարդկանց, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ֆիզիկական և իրավաբանական անձանց քաջալերել, որպեսզի նրանք օգտվեն այդ հնարավորություններից: Կառավարության առանցքային դերակատարումն այն է, որ այդ հնարավորությունները լինեն ոչ թե դեկլարատիվ, այլ կիրառելի: Եվ մարդիկ իսկապես կարողանան ռեալ տեսնել, շոշափել այդ հնարավորությունները, որոնք պետք է ապահովված լինեն կիրառման համապատասխան գործիքակազմով»,-ասել է կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանը հայտնել է նաև, որ առաջիկայում Ազգային ժողով կներկայացվեն կառավարության նոր կառուցվածքի մասին նախագիծը, Հարկային օրենսգիրքը, որը շատ կարևոր նշանակություն ունի այս համատեքստում, ինչպես նաև   Հարկային օրենսգրքի համատեքստից բխող մի քանի օրենսդրական նախաձեռնություններ:

 

 

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am