Մխիթարյանը կարող է մասնակցել «Արսենալ»-«Հադերսֆիլդ» մրցավեճին. Էմերի

Armenpress 21:38, 7 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաք Հենրիխ Մխիթարյանը կարող է մասնակցել Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում կայանալիք «Արսենալ»-«Հադերսֆիլդ» մրցավեճին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, զինագործների գլխավոր մարզիչ Ունաի Էմերին խոսել է կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյանի և Դենիս Սուարեսի` խաղին մասնակցելու հնարավորության մասին: 

«Մխիթարյանը լիովին պատրաստ չէր «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղին:

Մ23 թիմի հետ հանդիպում և մարզումներ անցկացնելուց հետո, կարծում եմ, որ Հենրիխը կարող է մասնակցել «Հադերսֆիլդի» դեմ խաղին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, իսպանացի մասնագետի խոսքն է մեջբերում Daily Star-ը: 

Հանդիպումը կկայանա փետրվարի 9-ին՝ Երևանի ժամանակով 19:00-ին:  Մխիթարյանը «զինագործների» մինչև 23 տարեկանների թիմի կազմում փետրվարի 5-ին մասնակցել էր «Վեսթ Հեմի» Մ23 թիմի դեմ խաղին, որը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով անավարտ էր մնացել:

Դեկտեմբերի վերջին ստացած ոտնաթաթի վնասվածքից ապաքինվելուց հետո Մխիթարյանն «Արսենալի» առաջին թիմի կազմում որևէ հանդիպման չի մասնակցել:

Վերջին անգամ 30-ամյա հայ ֆուտբոլիստն «Արսենալի» կազմում դաշտ է դուրս եկել դեկտեմբերի 19-ին Անգլիայի Լիգայի Գավաթի խաղարկության` «Տոտենհեմի» հետ խաղում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am