«Դասո սիսթեմս»-ի ներկայացուցիչները ապրիլին կայցելեն Հայաստան. ՀՀ նախագահը հանդիպել է ընկերության փոխնախագահի հետ

Armenpress 19:58, 6 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ֆրանսիական հանրահայտ «Դասո սիսթեմս» ընկերության փոխնախագահ Քրիստիան Նաղդանի հետ քննարկել է իրենց նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության  հետ կապերի վարչությունից, զրուցակիցները, մասնավորապես, ընդգծել են կրթության, գիտության, տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության մեծ ներուժն ու համատեղ ծրագրեր իրականացնելու պատրաստակամությունը։

Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը՝ ի դեմս իր կրթական, նորարարական ու գիտական հաստատությունների, լավ գործընկեր կարող է լինել։ Համաձայնություն է ձեռք բերվել ապրիլին Հայաստան այցելության մասին՝ որոշակիացնելու համար գործակցության կոնկրետ ծրագրերը։

«Դասո սիստեմս»-ը գործում է «Dassault Group» խոշոր ֆրանսիական ընկերության կազմում: Այն ծրագրային ապահովում է տրամադրում ռազմարդյունաբերական ոլորտի, մասնավորապես, ավիացիոն–տիեզերական, պաշտպանության, էներգետիկայի ոլորտների համակարգերի համար։ Խումբը գործունեություն է ծավալում նաև լոգիստիկ համակարգերի, էլեկտրական հիբրիդային տրանսպորտային միջոցների, անշարժ գույքի, գինու արտադրության և այլ բնագավառներում:

Աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունենում ֆրանսիական հասարակական, գործարար ու մշակութային շրջանակների ղեկավարների հետ՝ քննարկելու համագործակցության հնարավորությունները։

Նախագահը կմասնակցի նաև Հայկական բարեգործական ընդհանուր միության  90-րդ Ընդհանուր ժողովի աշխատանքներին։ Արմեն Սարգսյանը 2016 թվականից ՀԲԸՄ տնօրենների կենտրոնական խորհրդի անդամ է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am