Փոխվարչապետի աշխատակազմը վստահեցնում է` գործադիրի և օրենսդիրի օրակարգում օրհներգ կամ դրոշ փոխելու հարց չկա

Armenpress 11:32, 5 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունում և Ազգային ժողովի օրակարգում օրհներգ կամ դրոշ փոխելու հարց չկա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին փետրվարի 5-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատակազմի ղեկավար Վարագ Սիսեռյանը:

«Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ կտրականապես դեմ եմ Հայաստանի Հանրապետության օրհներգը և/կամ դրոշը փոխելու գաղափարին և այդ առնչությամբ հնչեցվող տարատեսակ առաջարկներին։ Համոզված եմ, որ պառակտում առաջացնող նյութեր քննարկելուց զերծ մնալը և կառուցողական քննարկում պահանջող նյութերի շուրջ համախմբվելը նախընտրելի է։

Ասեմ ավելին և փորձեմ արտերկրում բնակվող իմ ընկերներին և հայրենակիցներին վստահեցնել, որ այս գծով զրուցել եմ թե՛ գործադիրում և թե՛ օրենսդիրում աշխատող մի քանի գործընկերների հետ և վստահ կարող եմ ասել, որ օրհներգ և/կամ դրոշ փոխելու օրակարգ չկա»,- գրել է Սիսեռյանը:

Փոխվարչապետի աշխատակազմի ղեկավարը հավելել է, որ, իր կարծիքով, այս փուլում իրենք շատ ավելի կարևոր և առաջնահերթ խնդիրներ ունեն լուծելու։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am